Այս խորհրդարանով Նիկոլ չի հեռանալու

ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Էդգար Ղազարյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նրա նկատմամբ իրականացվող դատական գործընթացին՝ այն կապելով քաղաքական գործունեության և խոսքի ազատության հետ։

Զոհրաբյանի խոսքով՝ Ղազարյանը գործող իշխանության համար անհարմար քաղաքական գործիչ է, քանի որ նրա ներկայությունը խորհրդարանում կարող է խոչընդոտել իշխանության համար ցանկալի գործընթացների իրականացմանը։

Նա պնդել է, որ Ղազարյանի գործն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի և կապված է նրա արտահայտած տեսակետների ու խոսքի իրավունքի հետ։

«Ուշադրություն դարձրեք՝ կոնկրետ ի՞նչ է ասել Էդգար Ղազարյանը Անկախության հռչակագրի հետ կապված։ Հետո համեմատեք նրա օգտագործած ձևակերպումները իշխանության ներկայացուցիչների կողմից տարբեր ժամանակներում հնչեցված արտահայտությունների հետ»,- նշել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հանրային դաշտում իշխանության ներկայացուցիչների կողմից նախկինում հնչել են շատ ավելի կոշտ և սպառնալից արտահայտություններ, ուստի հարց է առաջանում՝ ում գործողությունները պետք է իրավական գնահատականի արժանանային։

Զոհրաբյանը նաև նշել է, որ շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ գործող իշխանությունը խորհրդարանի միջոցով չի հեռանալու։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե իշխանության նպատակը Ղազարյանի նման ընդդիմադիր քաղաքական գործիչների խորհրդարանում չլինելն է, ապա ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն կանխել նման զարգացումը։

«Ես շարունակում եմ պնդել, որ այս խորհրդարանով Նիկոլ չի հեռանալու»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *