Ուզում են ինձ քաղաքականապես մեկուսացնեն

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պնդում է, որ իր դեմ հարուցված գործընթացը քաղաքական բնույթ ունի և պայմանավորված է իր ակտիվ գործունեությամբ ու արտահայտած տեսակետներով։

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշել է, որ իրեն վերագրվող մեղադրանքը, իր գնահատմամբ, կապված է բացառապես խոսքի և կարծիք արտահայտելու իրավունքի հետ։

Պատգամավորի խոսքով՝ ինքը հատկապես խորհրդարանում ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում, ինչը, նրա պնդմամբ, իշխանության որոշ ներկայացուցիչների համար ցանկալի չէ։ Նա նշել է, որ այս հանգամանքով է պայմանավորում իր նկատմամբ իրականացվող գործընթացները։

Ղազարյանը նաև անդրադարձել է քրեական վարույթի շրջանակում առկա ապացույցներին՝ ընդգծելով, որ, իր պնդմամբ, գործում չկա ո՛չ տուժող, ո՛չ վկա, և չի ապացուցվել իր կողմից հանցանքի կատարումը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում փաստացի մեղադրյալի կարգավիճակում միայն ինքն է, մինչդեռ իր նկատմամբ արդեն իսկ ձևավորվել է մեղավորության վերաբերյալ որոշակի դիրքորոշում։

Պատգամավորը գործընթացը դիտարկում է որպես իրեն քաղաքականապես մեկուսացնելու փորձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *