ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է քաղաքացիներին Facebook-ում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերության գործունեության մասին, որը վարկային ծառայություններ է մատուցում առանց կարգավորող մարմնի լիցենզիայի։

Կենտրոնական բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ, վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ «My Fin UCO»-ն 18-65 տարեկան անձանց համար հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով, մասնավորապես՝ առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից:

Կարգավորող մարմնի տվյալներով՝ ընկերության իրական հասցեն է Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, որտեղ այն գործում է «My Fin» անվանումով։

«Տեղեկացնում ենք, որ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության Կենտրոնական բանկի կողմից չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս», – նշված է հաղորդագրության մեջ:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *