Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել այլ երկրների վրա, սակայն ագրեսիայի դեպքում ստիպված կլինի պատասխանել, հայտնում է Interfax-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կալինինգրադի կամ Ռուսաստանի մեկ այլ տարածաշրջանի վրա ուղղակի հարձակման դեպքում բանը կհասնի ռուսական սպառազինության ողջ զինանոցի կիրառմանը։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» ակումբի նիստում։
«Մենք ոչ ոքի չենք վախեցնում։ Եվ այն, ինչի մասին դուք հիմա ասացիք, ԱԳՆ-ի հայտարարությունը և այն նամակները, որոնք ԱԳՆ-ն ուղարկել է որոշ երկրների, վախեցնելու փորձ չէ, դա մեզ վախեցնելու փորձին տրված պատասխան է», – ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ամեն ինչ ճիշտ է գրված ԱԳՆ-ի հայտարարության մեջ և ուղարկված նամակներում։
«Եթե բանը հասնի Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղակի հարձակման, այս դեպքում նկատի ունեմ Կալինինգրադը, գուցե նաև որևէ այլ տարածք, ապա, իհարկե, օրակարգում անխուսափելիորեն և անմիջապես կհայտնվի Ռուսաստանի Դաշնության կողմից մեր երկրի տրամադրության տակ գտնվող բոլոր սպառազինությունների կիրառման հարցը։ Դա անխուսափելի է», – հավելել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, սակայն եթե բախվի ագրեսիայի, ստիպված կլինի պատասխանել, և ԵՄ քաղաքացիները պետք է դա հասկանան։
«Մենք ոչ ոքի չենք սպառնում, մենք մտադիր չենք հարձակվել որևէ մեկի վրա՝ ո՛չ 29-րդ, ո՛չ 30-րդ, ո՛չ էլ 50-րդ տարում։ Բայց եթե մենք բախվենք ագրեսիայի, ստիպված կլինենք պատասխանել։ Եվ եվրոպական երկրների քաղաքացիները պետք է հստակ հասկանան դա և տարբերակեն մեր դիրքորոշումը իրենց երկրների գործող քաղաքական ղեկավարության դիրքորոշումից», – ասել է ՌԴ նախագահը։
Նրա կարծիքով՝ այդ ըմբռնումը կա։
«Եվ դա մենք տեսնում ենք հենց ընտրությունների արդյունքներով և եվրոպական խոշորագույն երկրներում տիրող տրամադրություններով», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի կարծիքով՝ այդ երկրների ղեկավարները կշահարկեն այն թեզը, թե Ռուսաստանը միջուկային զենքով սպառնում է Եվրոպային, քանի որ ցանկանում են «շեղել իրենց քաղաքացիների ուշադրությունը նրանից, որ իրենք են ագրեսիվ քաղաքականություն վարում Ռուսաստանի նկատմամբ, նրանից, որ իրենց քաղաքացիներին ներքաշում, մոտեցնում են առճակատման վտանգավոր սահմանագծին»։