«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Արմավիրի մարզի Արաքս համայնքում: Պայքարելու է 2 քաղաքական ուժ` ՔՊ-ն եւ «Համերաշխություն», «Առաջ» աջակենտրոն դաշինքը: ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Ղազար Ղազարյանն է, դաշինքով առաջադրվածն Արաքս համայնքի ավագանու անդամ Հակոբ Մելքոնյանն է: Ղազար Ղազարյանի գլխավորած համամասնական ցուցակում ավագանու 63 թեկնածու է ընդգրկված, որոնց մեջ` նախկին համայնքապետեր, վարչական ղեկավարներ: Համայնքապետն անգամ իր 68-ամյա մորաքրոջն է ցուցակում ընդգրկել եւ «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով սկսել է քարոզարշավը:
Մեզ հասած տեղեկություններով՝ համայնքապետը ճնշումներ է գործադրում այն մարդկանց վրա, որոնք աջակցում են դաշինքով առաջադրված Հակոբ Մելքոնյանին: Մեզ պատմեցին, որ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրը տարիներ շարունակ եղել է ՀՀԿ-ական Լյովա եւ Լեռնիկ Երանոսյանների կառավարման ներքո, եւ այս համայնքներում ամեն ընտրություն ուղեկցվում էր բռնություններով, ճնշումներով, վախի մթնոլորտով:
Անգամ 2018-ի իշխանափոխությունից հետո այս համայնքում ոչինչ չի փոխվել, քանի որ համայնքի ՔՊ-ական ղեկավար Ղազար Ղազարյանը ՀՀԿ-ական նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի աներձագն է:

Ճի՞շտ է, որ համայնքապետը ճնշումներ է գործադրում Ձեր աջակիցների նկատմամբ՝ հարց ուղղեցինք Հակոբ Մելքոնյանին։ «Փորձեր անում են, բայց մեզ վրա չի ազդում, չնայած մարդիկ կան, որ նաեւ այդ փորձերն ազդում են իրենց վրա, դրանից ելնելով՝ շատերը չեն մասնակցում, մեզ հետ չեն շփվում: Թող էլի փորձեն, իրենք իրենց համապատասխան պատասխանը կստանան: Ինքս անկուսակցական եմ: Ես ամբողջ կյանքում որդեգրել եմ այն, որ իմ կուսակցությունն իմ հայրենիքն է, իմ Հայաստանը: Ուրիշ կուսակցություն չունեմ»:

– Կհաջողվի՞ Ձեզ այս ՏԻՄ ընտրություններում շեմը հաղթահարել եւ հաղթանակ տանել:

– Շեմ հաղթահարելու խնդիր չի քննարկվում, գնալու ենք հաղթանակի, փորձելու ենք մարդկանց հասկացնել, որ օրվա իշխանությունները հեղափոխականների անվան տակ ավելի են տեղավորվել ու փորձում են նոր մեխանիզմներով, բայց իրենց հին մտածելակերպով, երեխաների ապագան գրպանելով` մեր երկիրը կործանել: Անցած ընտրություններին մասնակցել ենք 6 ավագանու անդամներով, լավ գիտենք ինչպես վերաբերվել համայնքին, եւ մենք փորձելու ենք դա ներկայացնել մարդկանց` քարոզարշավի ժամանակ: Այս ընտրություններում եթե հաղթենք, մենք հստակ կորոշենք՝ մեր համայնքին տրամադրվելիք բյուջեն ոնց է ծախսվելու, ովքեր են ներգրավված լինելու, եւ համաչափ համայնքները կզարգացնենք, ոչ թե ընտրովի եւ ինչ-որ մեկի կամքով: Մեր ընտրվելու դեպքում մենք լինելու ենք մեզ ընտրողների եւ մեզ չընտրողների համայնքապետը, փորձելու ենք ամեն բան անել, որ համայնքում համերաշխություն լինի, եւ համայնքների զարգացումն ավելի լավ լինի:

– Պատրա՞ստ եք ամեն սցենարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող ուժն ամեն բանի ընդունակ է՝ համայնքներում հաղթանակ տանելու համար:

– Ես ամեն սցենարի պատրաստ եմ, ինձ չեն կարող վախեցնել, քանի որ ես ամբողջ կյանքում պայքարել եմ արդար եւ ազնիվ ձեւով եւ ոչ մի մութ անկյուն չունեմ, որ ինչ-որ բանից վախենամ, որ ինչ-որ բանով ուլտիմատում անեն, եւ ամեն ինչ անելու ենք, որ արդարությունը հաղթի, ինչպես որ մեր կարգախոսն է. «Ո՛չ վախ, ո՛չ լռություն, պահանջի՛ր արդարություն»: Օրվա իշխանություններն այնպես են ամեն ինչ կազմակերպել, մարդկանց աշխատավարձերն են մի քիչ բարձրացնում, նրանց շահագրգռող բաներ են անում, որպեսզի քվե ստանան: Դա անում են մեր երեխաների հաշվին, վաղը մեր երեխաներն են այդ պարտքերը փակելու: Իսկ մենք մեր ընտրողի կողքին կանգնելու ենք, պատրաստ եմ ամեն սցենարի, կփորձենք տեր կանգնել եւ կազմակերպել այնպես, որ մարդիկ ազատ կարողանան իրենց կամքն արտահայտել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *