Ֆինլանդիայի խորհրդարանի մի քանի անդամ բողոքել է, որ իրենց բացակայության ժամանակ ինչ-որ մեկը ներխուժել է իրենց տներ․ գրում է Yle-ն։
Ենթադրյալ ներխուժումների ժամանակ ոչինչ չի գողացվել, սակայն պատգամավորները հայտնել են նկատելի հետքերի մասին. օրինակ՝ անհայտ անձինք դռները բաց են թողել կամ լույսերը միացրել։ Խորհրդարանի խոսնակ Յուսի Հալլա-Ահոն կարծիք է հայտնել, որ սա կարող է դիտավորյալ արարք լինել։
Տուժած անդամների ճշգրիտ թիվը չի հրապարակվել. Yle-ի տվյալներով՝ խոսքը «20-ից պակասի» մասին է։ Հալլա-Ահոն նշել է, որ այս պատգամավորներին չի միավորում կուսակցական պատկանելությունը կամ որևէ այլ ընդհանուր բան։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ենթադրել է, որ միջադեպերի հետևում կարող են կանգնած լինել արտաքին ուժերը։
«Եթե ինչ-որ մեկը փորձի անկայունացնել Ֆինլանդիան, խաթարել մեր անվտանգության զգացումը կամ, օրինակ, Ուկրաինային մեր աջակցությունը, դա հակառակ ազդեցություն կունենա», – նշել է նա։
Օրպոն նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում փորձել է միջամտել եվրոպական ընտրություններին։
Ֆինլանդիայի հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2027 թվականի ապրիլին։