Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ։ Քննարկվել են արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների և հաշվողական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում Տոկաևն ընդգծել է NVIDIA-ի դերը արհեստական բանականության գլոբալ էկոհամակարգի ձևավորման գործում։ Ղազախստանում արդեն գործարկվել է NVIDIA-ի տեխնոլոգիաներով երկու սուպերհամակարգչային կլաստեր, իսկ Էկիբաստուզում նախատեսվում է ստեղծել մոտ 300 ՄՎտ հզորությամբ տվյալների կենտրոնների և հաշվողական ենթակառուցվածքների համալիր՝ հետագայում մինչև 1 ԳՎտ ընդլայնման հնարավորությամբ։
Հատկանշական է, որ Լեբարեդյանը նմանատիպ խոշոր տեխնոլոգիական նախագծի իրականացմանը մասնակցում է նաև Հայաստանում։ Firebird-ի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվել է արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն։
Լեբարեդյանը նախկինում նաև նշել է, որ Հայաստանը արհեստական բանականության ոլորտում մեծ ներուժ ունի և ներկայիս տեխնոլոգիական հեղափոխությունը փոքր երկրների համար բացառիկ հնարավորություն է ստեղծում։