Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձում

Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված հատուկ անդրադարձ է պատրաստել Հունական ռադիոյի և հեռուստատեսության ΕΡΤecho-ն՝ ներկայացնելով հայկական ռադիոյի մեկդարյա պատմությունը, անցած ճանապարհը և ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած կարևոր դերակատարությունը։

Հույն հանրությանն է ներկայացվել «100 տարի «Մայր Հայաստանի ձայնը» միավորում է աշխարհը» խորագրով հատուկ հաղորդումը, որը պատրաստել է Հայաստանի հանրային ռադիոն։ Հաղորդումը տեղադրվել է ΕΡΤecho-ի փոդքասթների բաժնում՝ Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առիթով, ինչպես նաև հրապարակվել է հոդված ert.gr կայքում։

Հաղորդման հեղինակներն անդրադառնում են հայկական ռադիոյի պատմության կարևորագույն հանգրվաններին՝ առաջին կանոնավոր հաղորդումներից մինչև ժամանակակից մուլտիմեդիա հարթակի վերածվելը։

ΕΡΤecho-ի անդրադարձում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև Հայաստանի հանրային ռադիոյի՝ սփյուռքի հետ կապը պահպանելու առաքելությանը։ 1947 թվականից սկսած սփյուռքում ապրող հայերը ունեն հնարավորություն լսելու հայերեն խոսք, հայկական երաժշտություն, հայկական արվեստի մասին տարբեր լուրեր և հաղորդումներ։

Հաղորդման հեղինակները ներկայացնում են նաև Հանրային ռադիոյի հնչյունային արխիվը, որտեղ այսօր պահպանվում է 102 422 ժապավեն՝ 12 324 ժամ ընդհանուր տևողությամբ։  Արխիվը ներառում է ոչ միայն հայկական, այլև տարբեր լեզուներով հազվագյուտ ձայնագրություններ՝ պահպանելով Հայաստանի մշակութային և հասարակական կյանքի կարևորագույն հնչյունային վկայությունները։

Անդրադարձում ներկայացվում է նաև Հայաստանի հանրային ռադիոյի հարուստ երաժշտական ժառանգությունը։ Ռադիոյի կազմում գործում են չորս երաժշտական կոլեկտիվներ՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը, էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը, «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը և «Արևիկ» մանկական անսամբլը։

Այսօր Ռադիոն այլևս միայն ռադիո չէ, այն մուլտիմեդիա հարթակ է, մի մեծ մեդիահոլդինգ, որն ունի 7 լսողական ծրագիր, ձայնագրման տասնյակ մեծ ու փոքր ստուդիաներ, կայք, վիդեոարտադրանք։ Կայքը 12 լեզվով է, այն ներառում է նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և տարածաշրջանային երկրների լեզուները։

Հայաստանի Հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների Միության լիիրավ անդամ է։

Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակի առիթով պատրաստված անդրադարձում ΕΡΤecho-ն նաև հրավիրում է Երևան այցելողներին ծանոթանալու 1956 թվականին կառուցված Հանրային ռադիոյի պատմական շենքին, որը մինչ օրս շարունակում է իր ծառայությունը հանրությանը։ Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է «երգող արձանը», որն ամեն օր տարածքը լցնում է բարձրաճաշակ հայկական երաժշտությամբ։

Ռադիոյի աշխատակիցների խոսքով՝ Հանրային ռադիոն բոլորի տունն է, որին հենց այդպես էլ սիրով անվանում են՝ «Ռադիոտուն»։ Այն պարզապես շենք չէ, այլ ազգային մշակույթի, երաժշտության, գրականության, մտքի և խոսքի տուն է։

«Արդեն 100 տարի այստեղից հնչում է Հայաստանի ձայնը, և այն շարունակելու է հնչել նաև գալիք դարում», եզրափակում է ΕΡΤecho-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *