«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջացի զինծառայողի կողմից հայ կնոջ ու նրա երեխաների դեմ զինված հարձակմանը․
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցուցադրում էին կադրեր, թե որքան անառիկ են Հայաստանի Հանրապետության սահմանները և ինչպիսի ամրաշինական կառույցներով է պաշտպանված մեր սահմանը: Մինչդեռ փաստացի ունենք մի իրավիճակ, որ ադրբեջանցի զինծառայողը շատ հեշտությամբ ներթափանցում է Հայաստանի տարածք և խորանում տասնյակ կիլոմետրերով:
Այս վերջին միջադեպը ցույց է տալիս, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է վերանայի սահմանային պաշտպանության քաղաքականությանը և նոր միջոցառումներ ձեռնարկի մեր երկրի սահմանները պաշտպանելու համար: Երկրորդ՝ ինչպես ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում, Ադրբեջանը օրեր առաջ զգուշացրել էր Հայաստանին զինծառայողի՝ ինքնակամ զորամասը լքելու և Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, մինչդեռ Հայաստանի պաշտոնական մարմինները որևէ հայտարարությամբ հանդես չէին եկել և չէր զգուշացրել մեր քաղաքացիներին մոտալուտ վտանգի մասին:
Անկասկած, ադրբեջանցի զինծառայողը պետք է օրենքով սահմանված կարգով իր պատիժը կրի և որևէ դեպքում չհանձնվի Ադրբեջանին: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ նման իրավիճակ մենք ունենք, որովհետև այսօր Հայաստանի իրավապահ համակարգը և ազգային անվտանգության մարմիններն, իրական վտանգներին հակազդելու փոխարեն, զբաղված են ընդդիմադիր գործիչների հետապնդումներով և ձերբակալություններով»: