Դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ․ DW

Ֆրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվել է ավելի քան 5000 աշակերտ, ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ին, TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածների մոտավորապես 85%-ը անչափահասներ են եղել, որոնց մեծ մասը դպրոցականներ են։ Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտարարել է, որ երկրի 3700 միջնակարգ դպրոցներից 564-ը տուժել են գործադուլներից և շրջափակումներից։ Անկարգությունների ընթացքում վիրավորվել է դպրոցի 65 աշխատակից, այդ թվում՝ 40 տնօրեն, և վնասվել է հարյուրից ավելի դպրոցական շենք, BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է նախարար Էդուարդ Ժեֆրեը։ Գրում է DW-ն։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի մասշտաբները բնութագրել է որպես նշանակալի և անսպասելի՝ այն վերագրելով, մասնավորապես, սոցիալական ցանցերին և ուսանողական ցույցերին աջակցող ձախակողմյան պոպուլիստական ​​«La France Insoumise» կուսակցության ազդեցությանը։ Մինչդեռ, նախարարի խոսքով, բռնությունն ամբողջությամբ դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից։

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Բելֆոր քաղաքում նկարահանված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանին գետնին գցում և ոտքով հարվածում, լրատվամիջոցների հատուկ ուշադրությանն է արժանացել: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ հարձակման հետևանքով տղամարդը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել, սակայն նրա վիճակը ներկայումս մտահոգության տեղիք չի տալիս: Հարձակման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Բելֆորի դատախազը հայտարարել է, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 17-ամյա մի տղա, սակայն նրա դերը հարձակման մեջ դեռևս պարզված չէ:

Առաջին բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 21-ին Փարիզի արվարձան Կրետեյի Սենտ-Էքզյուպերի լիցեյում, բայց արագ տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Ավագ դպրոցի աշակերտները դժգոհ են գերծանրաբեռնված դասարաններից, ուսուցիչների պակասից, կրթական հաստատությունների վատ վիճակից և այն բանից, ինչը նրանք համարում են չափազանց խիտ գրաֆիկ։ Որոշ խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Որոշ դեպքերում ցուցարարները օգտագործել են Մոլոտովի կոկտեյլներ և քարեր։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *