Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է. «Փաստինֆո»

Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանն այս պահին վիրահատվում է։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ հեմոգլոբինը շատ ցածր է, ճնշումը 90-40 է եղել, երեկ մի պահ ասել են, որ լավ չի զգացել իրեն, ճնշումը ցածր է եղել, ասել էին՝ երկուշաբթի պետք է վիրահատվի, բայց հիմա է վիրահատվում։

«Ազդրի բազմաբեկորային կոտրվածք ունի, անոթն էլ է վնասված եղել, կապել էին Սիսիանում, որ արնահոսություն չլինի․․․ շատ է արյուն կորցրել։ Հիմա, որ փշրված է ոսկորը, պետք է իմպլանտ դնեն, ասացին ոտքը կարճանալու է, վեց ամիս անց ևս պետք է վիրահատվի ինչ-որ ձգող սարքերով, գա իր չափին»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեց, որ երեկ ամբողջ օրն այնտեղ է եղել, բայց մեկ հոգու են թողնում Անիի մոտ, քույրն է եղել, ով պատմել է, որ գիշերը վատացած է եղել, լավ չի եղել․ «Ջուր է ուզել, ջուր են տվել՝ սրտխառնոց է ունեցել»։ Երեխաները դեռևս չեն տեսակցել մորը, երեկ երեխաներին հայրը բերել էր, բայց չեն տեսել, այսօր ժամը 13։00-ին պետք է տեսնեին, բայց վիրահատությունը երկար է տևելու։ Երեխաներից մեկ ձեռքը հարվածից վնասվել է, վիրահատել են՝ երկաթներով, ձեռքը գիպսի մեջ է։

«Երեխաները ծնողներիս մոտ են, ամուսինը Սիսիանից բերել է»,- պատմեց Անիի քույրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *