
Հայաստանում հոկտեմբերի 2-ին եւ 3-ին կայանում է «Աղոթքի նախաճաշ 2026» միջոցառումը։ Այն թվով երկրորդ նմանատիպ միջոցառումն է, որն անցկացվում է Հայաստանում, առաջինն անցած տարի էր։ Պարզ է, որ նման միջոցառումներով Նիկոլ Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ ինքը հոգեւոր մարդ է՝ աղոթքի նախաճաշներ, պատարագներ, մոմ վառել եւ այլն, ուղղված են եկեղեցու դեմ արշավի հակաքրիստոնեական, հակաեկեղեցական իմաստը նվազեցնելուն։
Հայաստանյան միջոցառման հետ կապված հարցերը մի կողմ թողնելով՝ խոսենք այն մասին, թե ինչ բան է առհասարակ «Աղոթքի նախաճաշը», երբ է այն առաջացել եւ որտեղ, ինչ յուրահատկություններ, իմաստ ու սիմվոլիկա ունի, ինչ խոհանոց ենթադրում եւ առհասարակ ինչ է դա իրենից ներկայացնում։ Ամերիկյան իրականության մեջ «Ազգային Աղոթքի նախաճաշը» ամենից հայտնի միջոցառումներից է, որն անցկացվում է Վաշինգտոնում։ Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա՝ աղոթել ու նախաճաշել բառերի համադրությունը, սակայն ամերիկյան իրականությունը կարողացել է դրանք համադրել ու ստեղծել մի միջոցառում, երբ մարդիկ սկզբում ուտում են, հետո՝ աղոթում կամ էլ միաժամանակ՝ ուտում են, աղոթում եւ լսում ելույթներ, քննարկում բարոյական, հասարակական խնդիրներ, հաստատում անհատական կապեր։
«Աղոթքի նախաճաշը» կամ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ «Աղոթական նախաճաշը» անգլիալեզու ավանդույթում կարող է ունենալ մի քանի տարբերակ՝ կախված մասշտաբից ու մակարդակից՝ «Նախագահական», «Կոնգրեսական» կամ «Պառլամենտական» եւ այլն։ Այն ինչ որ հատուկ կրոնական արարողություն կամ ծիսակատարություն չէ։ Պատմականորեն՝ շատ ավելի հավաքույթ է՝ համատեղված աղոթքի, մտահայեցումի եւ հաղորդակցության հետ։ Ունի երեք հիմնական բաղադրիչ՝ սնունդ, աղոթք եւ հաղորդակցություն՝ շփում։ Ձեւավորվել է ամերիկյան միջավայրում, քրիստոնեական ավանդույթի շրջանակներում։ Ինչ որ իմաստով գուցե այն կարելի է նմանեցնել վաղ քրիստոնեական «սիրո ճաշերի» հետ։ Սակայն մասնագիտական աչքով եթե դիտենք, գուցե եւ ֆենոմենի պատմությունն ուսումնասիրող շատ մասնագետներ նման զուգահեռ անցկացնելը համարեն վիճելի։ Ամերիկյան իրականությունում «Աղոթքի նախաճաշի» ֆենոմենի հետ սերտորեն առնչվում է հասարակական կրոնական գործիչ Աբրահամ Վերայդեն։
1930-ական թվականներին՝ ամերիկյան «Մեծ Դեպրեսիայի» ժամանակներում նա ձգտում էր միավորել գործարար աշխարհի, քաղաքական շրջանակների եւ հասարակական շրջանակների երեւելի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար առկա սոցիալական խնդիրներն ու մեկմեկու աջակցելու համար։ 1935 թվականի ապրիլին Սիեթլում տեղի է ունենում նման առաջին հանդիպումը՝ տասնինը գործարարների մասնակցությամբ։ Մասնակիցները փորձում են օրինակ վերցնել միմյանց հետ մեկ սեղանի շուրջ նստելու եւ սիրո ճաշ կիսելու ավետարանական ավանդույթից։ Այդպես էլ ձեւավորվում է «Աղոթքի նախաճաշ» կամ «Աղոթական նախաճաշ» ֆենոմենը։ Սիեթլից պրակտիկան տարածվում է նաեւ այլ քաղաքներ ու նահանգներ։ Աստիճանաբար այն հասնում է նաեւ Վաշինգտոն ու տեղ գտնում նաեւ Վաշինգտոնյան վարչակազմի պրակտիկայում։ 1940-ական թվականներին նման հավաքույթներ կանոնավոր կերպով սկսում են իրականացվել Սենատի անդամների, Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների շրջանում։ 1953 թվականին այդ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի Աղոթական նախաճաշերը միավորվում են եւ առաջին անգամ անցկացվում է «Ազգային Աղոթական նախաճաշ»՝ նախագահ Դուայթ Էյզենհաուերի մասնակցությամբ։ Այն սկզբում կոչվում է «Նախագահական Աղոթական նախաճաշ», հետո արդեն՝ «Ազգային Աղոթական նախաճաշ»։ Այդ ժամանակվանից սկսած՝ ԱՄՆ նախագահի ներկայությունը այդ միջոցառմանը դառնում է պարտադիր եւ կարեւոր ատրիբուտ։
Աղոթական նախաճաշը որպես այդպիսին առանձնահատուկ խոհանոց չունի։ Սովորաբար սեղանին դրվում է այն ամենը, ինչը հատուկ է նախաճաշին։ Կարող է խոհանոցը նախապես համաձայնեցվել կամ արտահայտել տվյալ երկրին կամ էթնիկ միջավայրին հատուկ «կնիքը»։ Այսօրվա դրությամբ աշխարհի ավելի քան 180 երկրներում նման միջոցառումներ են տեղի ունենում։
Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող Աղոթքի նախաճաշին, ապա այն տեղի է ունենում «Դվին» հյուրանոցային համալիրում։ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենն էլ մեզ հայտնեցն, որ Աղոթքի նախաճաշին Մայր աթոռից եւս մասնակից է եղել է` Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից էլ մասնակցել է Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը: Ըստ ամենայնի, Մայր Աթոռը փորձում է կամուրջները մինչեւ վերջ չայրել, հակառակը՝ երբ հնարավոր է մի սեղանի մոտ հայտնվել, որտեղ կան իշխանության ներկայացուցիչներ եւ ինքը՝ եկեղեցուն պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանը։