
Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իր և իր իշխանության համար ամերիկյան վերադասի կարգադրություններն օրենք են, նույնիսկ եթե դրանք կարող են աղետի հասցնել Հայաստանը: Փաշինյանին հարցնում են, թե նա ինչպես է վերաբերվում ամերիկյան կողմի հնչեցրած կարգադրությանը, ըստ որի բոլոր երկրների օդանավակայանները չպետք է ընդունեն և սպասարկեն իրանական օդանավեր, նա պատասխանում է. «Մենք թափանցիկ ենք բոլոր գործընկերների հետ: Հատկապես բարեկամական երկրների պարագայում ասում ենք, որ կանենք առավելագույնը բարեկամ լինելու համար: Բայց կա մի սահման, որն ինքներս չենք կարող անցնել: Դա այն ռիսկի սահմանն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ: Այսինքն՝ քանի դեռ պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկ չկա, մենք մնալու ենք բացառապես բարեկամության տրամաբանության մեջ: Բայց եթե տեսնենք, որ ինքներս ենք ընկնում պատժամիջոցների տակ, ի՞նչ արած, պետք է որոշում կայացնենք»:
Փաշինյանի ասածը հետևյալն է․ քանի դեռ ամերիկացիները թույլ են տալիս, որ մենք բարեկամություն անենք Իրանի հետ, մենք բարեկամություն կանենք, բայց եթե կոշտ հրահանգեն դադարեցնել բարեկամությունը և անցնել թշնամական ռեժիմի, բնական է, որ մենք կենթարկվենք այդ հրահանգին, քանի որ ամերիկյան հրահանգը կարմիր գիծ է, որը մենք չենք կարող անցնել, այլապես կենթարկվենք պատժամիջոցների: Առայժմ Հայաստանն ընդունում է իրանական մի քանի ավիաընկերությունների օդանավեր և երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը դադարեցված չէ:
Բայց սպառնալ կարողանում են և գիտեն ոչ միայն ամերիկյան իշխանությունները: Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության, հայտարարել է, որ իրանական ավիացիայի սահմանափակումները կարող են հետևանքներ ունենալ տարածաշրջանում ավիափոխադրումների համար։ «Տարածաշրջանում թռիչքները կամ բաց են բոլորի համար, կամ՝ ոչ մեկի։ Եթե սահմանափակվեն Իրանի թռիչքները և օդանավակայանային ծառայություններից օգտվելու հնարավորությունը, ապա տարածաշրջանի ոչ մի այլ երկիր չի ունենա նման հնարավորություն, – հայտարարել է Մոհամմադ Մոխբերը։ Սրանից ավելի պարզ հնարավոր չի զգուշացնել, եթե դուք պատարաստ եք կատարել ամերիկյան հրահանգները, ապա իմացեք, որ դրանք ունենալու են հետևանքներ, այդ թվում շատ դաժան:
Իրանը ոչ միայն սպառնում է, այլև իրականացնում է իր սպառնալիքները: Բահրեյնի, Քաթարի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն ու հասարակությունները զգացել են իրանական բալիստիկ հրթիռների ուժն ու ավերիչ ազդեցությունը: Նրանք թույլ էին տվել ԱՄՆ-ին զորք և ռազմական տեխնիկա տեղակայել իրենց տարածքում և իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար:
Հիմա Փաշինյանի իշխանությունը փաստացի պետք է ընտրություն կատարի՝ ո՞րն է իր համար ավելի կարևոր կամ եթե կուզեք՝ ավելի վտանգավոր, ամերիկյան վերադասի հրահանգները չկատարելը և ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվե՞լը, թե՞ ամերիկյան վերադասի հրահանգները հնազանդորեն կատարելը և իրանական բալեստիկ հրթիռների հարվածների տակ հայտնվելը: Դատելով Փաշինյանի հայտարարությունից, կարելի է հասկանալ, որ նա արդեն կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ ամերիկյան վերադասի հրահանգը կատարելու, քանի որ համոզված է, որ ամերիկյան հրահանգը չկատարելու դեպքում ինքը կարող է տուժել անձնապես, իրեն կարող են զրկել իշխանությունից և ունեցվածքից, իսկ իրանական հարվածների դեպքում, կարող է տուժել Հայաստանը և հասարակությունը: Իսկ երբ ընտրությունն իր անձնական և Հայաստանի պետական շահի միջև է, Փաշինյանը միշտ նախապատվությունը տալիս է անձնական շահին:
Արդեն նշել ենք, որ ամերիկացիները մտադիր են Իրանը ոչ միայն օդային, այլ նաև ցամաքային շրջափակման ենթարկել, և գուցե հենց դրա համար է իրականացվում, այսպես կոչված․ ԹՐԻՓՓ կոչվող նախագիծը, որի իրական նպատակը հայ-իրանական սահմանը ամերիկյան վերահսկողությանը հանձնելն է, որ ամերիկացիները որոշեն այնտեղով ով անցնի կամ չանցնի: Իսկ երբ այդ սահմանը հայտնվի ամերիկյան փաստացի հսկողության տակ, այն անմիջապես կփակվի Իրանի համար: Դրա համար էլ իրանցի բազմաթիվ պաշտոնյաներ արդեն հասցրել են հայտարարել, որ իրենք ոչ մի ամերիկյան ներկայություն իրենց սահմանին չեն հանդուրժելու:
Հայ հասարակությանը խոստանալով խաղաղություն, Փաշինյանն իրականում Հայաստանը ներքաշում էիր հարևան և բարեկամ երկների հետ հակամարտության և հավանական պատերազմների մեջ: Բայց դա այն գինն է, որ մենք բոլորս վճարում ենք նրա իշխանության դիմաց: