Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ֆրանսիացի 25 քաղաքական գործիչներ կոչ են անում առանց որևէ պայմանի ազատ արձակել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմից ի վեր Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։
«Նրանց մեծ մասը ձերբակալվել է այն ժամանակ, երբ ուղեկցում էր իր ժողովրդին՝ 2023 թվականին տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտագաղթի ժամանակ։ Ադրբեջանի իշխանությունները 20 հայերի դատապարտել են ծանր պատիժների, որոնցից ոմանք՝ մինչև ցմահ ազատազրկման։
Այս բանտարկյալների ճակատագիրը, որոնք ամբողջությամբ մեկուսացված են արտաքին աշխարհից և գտնվում են իրենց բանտապահների լիակատար վերահսկողության ներքո, վաղուց խոր մտահոգության տեղիք է տալիս։ Նրանցից ոմանք երեք տարի է՝ կալանքի տակ են, իսկ մյուսները՝ գրեթե վեց տարի»,– ասված է lefigaro–ում հրպարակված նամակում։
Նշվում է, որ հայ գերիների վիճակն առավել մտահոգիչ է, քանի որ այսօր որևէ անկախ միջազգային կազմակերպություն հնարավորություն չունի պարբերաբար այցելելու նրանց։
«Բացի այդ, մտավախության համար լուրջ հիմքեր կան, որ նրանց շարունակական կալանքը կարող է օգտագործվել որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց՝ ընթացող բարդ խաղաղ գործընթացի շրջանակում նոր զիջումներ ստանալու նպատակով։ Եթե դա այդպես է, ապա այդ բանտարկյալները, ըստ էության, նաև պատանդներ են։
Այս անընդունելի իրավիճակի պայմաններում մենք՝ այս հայտարարության տակ ստորագրածներս, միանում ենք ֆրանսիական և եվրոպական կառույցների հնչեցրած կոչերին և պահանջում անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։
Վերջապես, մենք վերահաստատում ենք մի պարզ համոզմունք. ինչպես Կովկասում, այնպես էլ այլուր, այն խաղաղությունը, որին մենք ամբողջ սրտով ձգտում ենք, չի կարող կայուն լինել, եթե այն կառուցվում է կամայականության, նվաստացման և մոռացության գնով։ Առանց արդարության, ազատության և արժանապատվության իրական խաղաղություն չկա»,– ասած է հայտարարության մեջ։