
Շաքիի դեպքի առումով բացարձակ զարմացած չեմ: Ուրիշ ինչ պետք է լիներ այն երկրում, որի ղեկավարը բնակչությանը հորդորում է ամեն գնով հոգ տանել խաղաղությանը: Ինչը նշանակում է, որ նույնիսկ երկրի և նրա քաղաքացիների կյանքի անվտանգության գնով: Իսկ նրա ենթականներից մեկն էլ ասում է, որ եթե մեզ վրա կրակեն՝ մենք չենք պատասխանի: Ճիշտ է ասում՝ ինչպես կարելի է պատասխանել անվտանգությանդ երաշխավոր երկրին: Այն էլ «կակոյ նիբուձ» Օղլի Մուսաևի համար: Սակայն ՔՊ-ական այդ կինը նորություն չէր հայտնում: Ասում են, որ հենց դա է տեղի ունեցել 2022-ին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կարգադրել է չկրակել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների ուղղությամբ: Դա, իհարկե, պաշտոնապես հերքվել է: Բայց երբ 44 օր քեզ խաբել են՝ դու այլևս այդ իշխանության հանդեպ հավատ ունենալ չես կարող: Եթե, իհարկե, անուղեղ հավ չես ու այն անձը չես, ով համառորեն չի ցանկանում տեսնել իրականությունը: Ընդամենը Ավետիսյան Անին էր մեղք, որ ընկավ հիվանդանոց: Որ բժիշկներն էլ փորձեն պահպանել երեք երեխաների մոր կրակված ոտքը:
Շաքիի դեպքը նաև ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգության մակարդակը զրոյական է՝ եթե չասվի դրանից ցածր: Որ մեր անվտանգության երաշխավորը ո՛չ խաղաղությունն է՝ ինչպես վարչապետ կոչեցյալն է փորձում ներկայացնել: Եվ ո՛չ էլ հաստատ Ադրբեջանը՝ ինչպես Սիմոնյան Ալենն էր պնդում այն օրը, երբ պետության երկրորդ-երրորդ քաղաքական պաշտոնյան էր: Չնայած Ալենի ասածն ավելի շատ սարկաստիկ ֆանտասմագորիայի ժանրից էր՝ եթե նման երևույթ գոյություն ունենար: Իսկ վարչապետի պապաշտոնը զբաղեցնող անձի խոսքն, ինչպես միշտ, ընդամենը գլխիվայր շրջված դատողություն էր: Քանի որ իրականությունը ճիշտ հակառակն է՝ հենց անվտանգությունն է խաղաղության երաշխավորը: Իսկ անվտանգության երաշխավորն էլ պետության տնտեսական զարգացումն է ու ռազմական հզորությունը: Ինչպես նաև դրա քաղաքացիների ոգին ու դրանից ածանցված՝ բանակի զինվորների ու սպաների ոգին:
Մեզանում այդ ամենը չի կարող կազմել պետական գաղափարախոսության հիմքը: Որովհետև այդ դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ազգանունը չպետք է լիներ Փաշինյան: Քանի որ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը կարող է լինել զուտ պարտվողական կամ կապիտուլյացիոն խաղաղության «ճարտարապետը»: Ինչը և կյանքի է կոչվում Հայաստանում: Ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ՝ քանի դեռ այդ անձն է ղեկավարում երկիրը: Քանի դեռ պետությունում ապրում է 727 հազար մարդ, ովքեր, կրկին Փաշինյան ընտրելով, ցույց տվեցին, որ թքած ունեն հայրենիքի ճակատագրի վրա: Եվ կես միլիոնից ավելի մարդ, ովքեր կրկին ցույց տվեցին, որ արհամարհած ունեն թե՛ Նիկոլին, թե՛ ընդդիմությանը և թե՛ հայրենիքը: Ու չես իմանում, թե ժողովրդի որ հատվածն է դեն գցվելու ավելի արժանի: Նրանք, ովքեր հունիսի 7-ին Փաշինյան ընտրեցին, թե այն անձինք, ովքեր ընդհանրապես ալարեցին օրվա ընթացքում քայլել 100-200 մետր: Ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը: