Բրազիլիայում նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլում․ հայտնում է BBC-ն՝ երկրի բարձրագույն ընտրական դատարանին հղումով։
Դրան կմասնակցեն գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին՝ Ֆլավիու Բոլսոնարուն։ Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին Լուլայից առաջ է անցնում մոտ 2 տոկոսային կետով։
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 12 թեկնածու։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների առնվազն 50%-ը, ինչը չհաջողվեց հավակնորդներից ոչ մեկին։ Երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 25-ին։
Բրազիլական էլեկտրոնային քվեարկության համակարգը մի քանի ժամում մշակել է քվեաթերթիկների բացարձակ մեծամասնությունը։ Քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո Ֆլավիու Բոլսոնարուն հավաքել է ձայների 47,03%-ը, իսկ Լուլան՝ 45,16%-ը։
Լուլան արդյունքն անվանել է անսպասելի։
«Խոստովանում եմ, որ համոզված էի, թե կհաղթեմ առաջին փուլում։ Խաղը նոր է սկսվում։ Մենք լրացուցիչ ժամանակ ունենք, և այդ լրացուցիչ ժամանակում մենք մեր կողմը կգրավենք բրազիլացի ժողովրդին»,- ասել է նա։
Բոլսոնարուն, իր հերթին, հայտարարել է, որ շատ գոհ է արդյունքից։