Նոր սկանդալային մանրամասներ․ այսօր բռնված գողականը Մեյթիխանյանի սպանության գործով է անցնում

ՆԳՆ-ն հայտնել է, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։ Կան ձերբակալվածներ։

«Հրապարակ»-ը գրել էր, որ, մեր տեղեկություններով, խոսքը Արտաշես Չիչոյանի մասին է։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ այս տարվա սկզբին Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու, ինչպես նաև Ալյոնա Եժակովային ապօրինի ազատությունից զրկելու և սպառնալու համար։

«Հրապարակ»-ի նոր տեղեկություններով՝ խոսքը նույն Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է նաև լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով։

Խաչատրյանը սպանվել էր 2016 թվականին՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած վթարային իրավիճակից հետո առաջացած ծեծկռտուքի ընթացքում՝ 75-ամյա մոր աչքի առաջ։ Գործը տարիներ շարունակ քննվել է, իսկ շուրջ 8 տարի կալանքի տակ գտնվելուց հետո Չիչոյանը 2024 թվականի վերջին ազատվել էր կալանքից։ Նրա նկատմամբ նախ ընտրվել էր վարչական հսկողություն, ապա՝ տնային կալանք։

2024 թվականի վերջին սպանության գործի քննությունը, դատավորի լիազորությունների դադարեցումից հետո, սկսվել էր նորից՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։ Վերջինս Չիչոյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել էր վարչական հսկողությամբ։
2025 թվականի դեկտեմբերին Չիչոյանը կրկին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։ Երևանի Դավիթ Բեկ փողոցում հնչած կրակոցների հետևանքով, ըստ իրավապահների, նա ոտքի շրջանում վնասվածք էր ստացել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ հենց այդ միջադեպից հետո Չիչոյանի նկատմամբ վարչական հսկողությունը փոխվել էր տնային կալանքով։
Այժմ, ըստ մեր տեղեկությունների, տնային կալանքում գտնվող Չիչոյանը նախապատրաստել է Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն ոտքից կրակած անձի սպանությունը։ Իրավապահներին, սակայն, հաջողվել է կանխել սպանությունը։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նոր գործով երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *