«Մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ տասնամյակներ շարունակ ներկայացվող թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր՝ բավական զգայուն թեմա է հայտնվել։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։
Քննադատության պատճառը ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքն է։
Բողոքի ակցիան կազմակերպել էր «Ազատ մտքի և կրթության իրավունքների միությունը»՝ Özgür-Der-ը։ Ցուցարարները պարզել էին «Ո՛չ Ադրբեջանում հիջաբի արգելքին», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է» գրություններով պաստառներ։ Հնչել են նաև շատ ավելի կոշտ կարգախոսներ, այդ թվում՝ «Մարդասպան Իսրայել, գործակից Ալիև»։
Պատճառը սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարության ընդունած նոր կարգավորումն է։ Դրանով պետական դպրոցներում արգելվում են սահմանված համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության «աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող» հագուստի տարրերը։ Փաստաթղթում «հիջաբ» կամ «գլխաշոր» բառերն ուղղակիորեն նշված չեն, սակայն կանոնների կիրառումից հետո հրապարակվել են կադրեր, որոնցում հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոց չեն թողնում։ Al Jazeera-ն, մասնավորապես, հրապարակել է տեսանյութ՝ դպրոցից հեռացող արտասվող աշակերտուհիներով։
Բայց Ստամբուլի ակցիայի ժամանակ Ալիևի իշխանությանը ներկայացված հարցերը միայն հիջաբով չեն սահմանափակվել։ Ցուցարարները հիշեցրել են նաև Ադրբեջանի սերտ հարաբերություններն Իսրայելի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն երկու երկրների հարաբերությունները բնորոշում է որպես բարձր մակարդակի հասած հարաբերություններ՝ «ռազմավարական երկխոսությամբ», իսկ Իսրայելի դեսպանատունը դրանք անվանում է «սերտ բարեկամություն և ռազմավարական գործընկերություն», որը ներառում է նաև պաշտպանության և անվտանգության ոլորտները։
«Երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ՄԱԿ-ի ամբիոն, շուրջ 70 երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը կամ դատարկ են թողել իրենց տեղերը։ Բողոքին միացել է նաև Թուրքիայի պատվիրակությունը։ Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը, սակայն, մնացել է դահլիճում և լսել Նեթանյահուի ելույթը»,–ասել են ակցիայի կազմակերպիչներըն ու հավելել՝ «Սա ի՞նչ եղբայրություն է»։
Ակցիայի կազմակերպիչներից Հյուլյա Շեքերջին հայտարարել է, որ իրենք իրենց եղբայր են համարում Ադրբեջանում հավատքի պատճառով ճնշումների ենթարկվող մարդկանց, սակայն չեն ընդունում «եղբայր պետություն» բնորոշումը մի իշխանության համար, որը, իր խոսքով, Նեթանյահուի դեմ ՄԱԿ-ում կազմակերպված բողոքի ժամանակ մնացել է դահլիճում և ռազմավարական հարաբերություններ է զարգացնում Իսրայելի հետ։