Իրաքի ազգային նավագնացային ընկերությունը կվերսկսի կանոնավոր առևտրային փոխադրումները Պարսից ծոցի երկրների նավահանգիստների միջև: Դա տեղի կունենա տարածաշրջանում աշխատանքի ավելի քան 50-ամյա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ազգային փոխադրողների գործունեության աշխուժացման և տրանսպորտի ու առևտրի ոլորտներում նրանց դերի ուժեղացման պլաններին համապատասխան՝ Իրաքի նավագնացային ընկերությունը պատրաստ է Պարսից ծոցի գոտում իր առևտրային փոխադրումները վերսկսել ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո», – նշվում է Իրաքի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։
Առաջին ուղերթը պլանավորված է հոկտեմբերի 15-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ջեբել Ալիի նավահանգստից դեպի Իրաքի Ումմ Քասրի նավահանգիստ։ Տրանսպորտի նախարարությունում նշել են, որ Պարսից ծոցում փոխադրումների գործունեության վերսկսումն ազգային նավագնացային գիծ կվերադարձնի տարածաշրջանային առևտրային երթուղիները և կտրամադրի բեռնարկղերի և այլ բեռների փոխադրման լրացուցիչ տարբերակ։