Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում


Հայաստան


Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Ծրագրում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

1. Եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։

2. Ծրագրի շրջանակում դրական մնացորդը կարող է ուղղվել ոչ միայն գույքի ձեռքբերմանը, տան վերանորոգմանը, այլև անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը։

3. Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ՝ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։

Ծրագրի շրջանակում նախատեսվող այլ փոփոխություններին ծանոթանալու, ինչպես նաև նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10077:

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել է այն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *