«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա մեր մարզում դա էլ չկա

Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչությունը համամասնական կարգով ընտրող համայնքներում մեկնարկել է սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։ Այս ժամանակացույցն է հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երկու դեպքում էլ քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին, ժամը 24։00-ին։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր եւ Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր եւ Գառնի, Շիրակի մարզի Արթիկ եւ Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս եւ Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք եւ Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ ԿԸՀ-ն հիշեցնում է, որ քարոզչության ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, այլ ապրանքներ կամ ծառայություններ տալը կամ խոստանալը։ Քարոզչական նյութեր չի կարելի տեղադրել, մասնավորապես՝ դպրոցներում, հասարակական սննդի եւ առեւտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտում եւ տաքսիներում։ Արգելվում է նաեւ պոկել, պատռել կամ վնասել քարոզչական պաստառները եւ այլն։

Իջեւանի գործող համայնքապետ, ՔՊ-ի թեկնածու Արթուր Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հոկտեմբերի 5-ին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելու է սահմանամերձ Կիրանց գյուղ:

Մենք կապվեցինք կիրանցեցի Անդրանիկ Նազարյանի հետ։ Նա ասաց, որ տեղյակ չէ Ճաղարյանի այցի մասին, եւ անդրադառնալով Իջեւանի ՏԻՄ ընտրություններին՝ նկատեց. «Նախընտրական քարոզարշավ են սկսել, դե պիտի գնան, գան: Որ ընդդիմությունը ոչ մի բան չի անում, նրանք էլ պիտի ակտիվանան, պարզ չի՞: Ասեմ, որ Ճաղարյան Արթուրը, համեմատած մյուս ՔՊ-ականների հետ, հաջող մարդ է: Ես, իհարկե, նրա հետ մտերիմ չեմ, բայց ի՞նչ գնահատական կարելի է տալ մի մարդու, որն ամեն դեպքում ՔՊ-ի թիմից է: Որպես մարդ՝ իր մասին լավ բաներ են ասում, բայց դա ինձ համար կապ չունի, նա, ամեն դեպքում, վարչապետի թիմից է, դրանով ամեն ինչ ասված է: Ընդդիմություն, ասեմ ձեզ, որ մեր մարզում դասական իմաստով չկա: Եթե մի հատ քիչ թե շատ ակտիվ ընդդիմադիր կուսակցություն կար` Դաշնակցությունն էր, բայց Իջեւանում որոշել են չառաջադրվել, չգիտեմ ինչու, բայց դա իրենց որոշումն է: Դավիթ Սանասարյանն է առաջադրել իր կուսակցությունը, բայց թեկնածուներին ոչ մեկս չենք ճանաչում: Գառնիկ Դանիելյանը, որը պատգամավոր էր, բավականին ակտիվ էր, հիմա անգամ նրա կողմից ակտիվություն չենք նկատում: Եթե ընդդիմությունը պասիվ է, դա վատ է: Ինչքան ընդդիմությունը պասիվանա, իշխանական թիմն ակտիվանալու է: Ընդդիմությունն առաջ գոնե քննադատողի դերում էր, հիմա Տավուշի մարզում այդ քննադատությունն էլ չկա: Ամեն դեպքում, ՏԻՄ ընտրությունները Տավուշում այլ կերպ են ընթանում: Չգիտեմ՝ ուրիշ համայնքներում ոնց, բայց այստեղ ՏԻՄ-երն այնքան էլ քաղաքական ընտրություններ չեն: Արթուր Ճաղարյանը համեստ տղա է, այդ հանգամանքն էլ դեր կխաղա, ընդդիմության պասիվությունն էլ դեր կխաղա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *