«Հրապարակ». Պապն ու տատը երեխայի խնամակալ են նշանակվել

Իջեւան համայնքի Գանձաքար գյուղից ամուսիններ Գարիկ Էլլարյանը եւ Արմենուհի Պետրոսյանը դիմել են Իջեւան համայնքի խնամակալության եւ հոգեբարձության մարմին, որպեսզի իրենց ընտանիքում բնակվող, Իջեւան համայնքի ղեկավարի 2026 թ․ սեպտեմբերի 10-ի որոշմամբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի` 2023թ․ ծնված Գարիկ Խլղաթյանի նկատմամբ իրենց խնամակալ ճանաչեն։ Ամուսինները հայտնել են, որ երեխայի մայրը՝ Փամբուխ Խլղաթյանը, եւ իրենց որդին՝ Սերյոժա Գարիկի Էլլարյանը, մոտ 3 տարի ապրել են որպես փաստացի ամուսիններ: 2026 թ․ ապրիլի 15-ին մայրը լքել է երեխային եւ հեռացել տնից` մեկնել է Ռուսաստան: Երեխայի խնամքն ամբողջությամբ արդեն 5 ամսից ավելի իրականացնում են երեխայի պապն ու տատը` Գարիկ Էլլարյանը եւ Արմենուհի Պետրոսյանը: Երեք տարեկան երեխայի ծննդյան իրավական ակտը գրանցվել է այս տարվա աշնանը` 2026 թ․ սեպտեմբերի 8-ին: Իջեւան համայնքի խնամակալության եւ հոգեբարձության մարմինն իրականացրել է երեխայի կյանքի հետազոտություն, նաեւ փաստաթղթերի ուսումնասիրում։ 2026 թ․ սեպտեմբերի 8-ին երեխային՝ Գարիկ Խլղաթյանին, ծննդյան վկայական է տրվել: Սեպտեմբերի 30-ին էլ Իջեւան համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Կարեն Ղալթախչյանը որոշել է ամուսիններ Գարիկ Էլլարյանին եւ Արմենուհի Պետրոսյանին Գարիկ Խլղաթյանի նկատմամբ խնամակալ նշանակել:

Զանգահարեցինք Գարիկ Էլլարյանին` երեխայի պապիկին: Նա ասաց, որ իրենց որդին` Սերյոժան, Ռուսաստանում համացանցով ծանոթացել է Բառնաուլում ընտանիքով ապրող գյումրեցի Փամբուխ Խլղաթյանի հետ, նրանք փաստացի ամուսնացել են, հետո բնակություն հաստատել Գանձաքարում՝ Սերյոժայի ծնողների հետ։ Սակայն զագսով չեն գրանցել իրենց ամուսնությունը, որովհետեւ Փամբուխը դրանից առաջ ամուսնացած է եղել գյումրեցի մի տղայի հետ, նրանից 3 երեխա է ունեցել, հետո նրանց լքել է, սակայն փաստաթղթով չի ամուսնալուծվել: Փամբուխն առաջին ամուսնուց ամուսնալուծվել է 2024-ին։ Գարիկ Էլլարյանը հայտնեց, որ այժմ իր որդին` Սերյոժան, Ռուսաստանում աշխատում է, հայրական տուն գումարներ է ուղարկում։ Գ․ Էլլարյանը հայտնեց, որ Գանձաքար հարս գնացած Փամբուխը գանձաքարցի շատերին է խաբել «Վայլդբերիսով» մեծ զեղչերով ապրանքներ գնելու մասին, դրա վերաբերյալ Քննչական կոմիտեում այժմ գործ է քննվում։ Նա հավելեց, որ 35-ամյա կինն իրենց ընտանիքին էլ 7-8 միլիոն դրամի վնաս է պատճառել։ Գ․ Էլլարյանն ասաց նաեւ, որ առաջիկայում որոշել են թոռնիկի ներկայիս ազգանունը, որը հարսի ազգանունն է, փոխարինել Էլլարյան ազգանվամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *