1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` Անգլերեն առանց սահմանների միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Hippo Անգլերեն առանց սահմանների 14-րդ միջազգային  օլիմպիադայում:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Սպոլետո քաղաքում, որին  մասնակցել է 70 երկրի 421 աշակերտ։ Միջազգային փուլին Հայաստանից մասնակցելու իրավունք էր ստացել 4 աշակերտ, որոնցից մասնակցել է 3-ը՝ Միլենա Մանուկյանը (7-րդ դասարան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), Եվա Ֆարշյանը (10-րդ դասարան, Այբ դպրոց) և Մարի Եդիգարյանը (12-րդ դասարան, Եվրասիա ավագ դպրոց)։

Այս փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Եվա Ֆարշյանն անժանացել է բրոնզե մեդալի։ Միջազգային փուլի թիմը ղեկավարել է Հերմինե Մելքոնյանը (PTE (Pearson International Certificate)՝ միջազգային բանավոր քննություն ընդունող (քննավար) անգլերենի մասնագետ, ՄԱՌՄԱԳ ՍՊԻ տնօրեն), որը միաժամանակ հանդիսանում է Hippo Անգլերեն առանց սահմանների օլիմպիադայի՝ երկրի համակարգող։

Միջազգային փուլի մասնակիցների համար ընդունելություն է կազմակերպվել Իտալիայում ՀՀ դեսպանատանը՝  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։

Hippo Անգլերեն առանց սահմանների միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար աշակերտները պետք է հաղթահարեն մի քանի փուլեր։ Մասնավորապես՝ բոլոր ցանկացողները դպրոցում կամ առցանց ձևաչափով մասնակցում են նախնական փուլերին։ Նախնական փուլում տվյալ երկրում առավելագույն միավորները (մասնակիցների 20%-ից ոչ ավելին) ստացած աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու ազգային փուլին, որն անցկացվում է առանձին քաղաքներում կամ առցանց ձևաչափով։ Ազգային փուլում 50%-ից ավելի միավորներ ստանալու դեպքում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու փլեյ-օֆֆի ընտրական փուլերին, որոնց արդյունքում ձևավորվում է միջազգային փուլի մասնակիցների կազմը։

Միջազգային փուլի մասնակիցները, ինչպես նաև այն մասնակիցները, որոնք չեն ստանում միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն, սակայն իրենց միավորներն ազգային փուլում կազմում են 70% և ավելին, հնարավորություն են ստանում մասնակցելու մայրցամաքային փուլին։

Մայրցամաքային փուլը 5 տարիքային խմբերով անցկացվել է այս տարվա մայիսի 18-21-ը  Իտալիայի Վենետիկ քաղաքում, որին 45 երկրի ավելի քան 1200 աշակերտ է մասնակցել։ Հայաստանի 16 կրթօջախի 38 աշակերտ մասնակցել է անցկացված մայրցամաքային փուլին և արժանացել 1 ոսկե (Մարի Եդիգարյան, Եվրասիա ավագ դպրոց, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Լիլի Դաղլարյան, Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, 4-րդ դասարան) մեդալների։

Հայաստանի թիմը մայրցամաքային փուլում ղեկավարել են Հերմինե Մելքոնյանը (երկրի համակարգող), Ալիս Դուրգարյանը (Գլոբալ Բրիջ կրթահամալիր), Աննա Հակոբյանը (Էվրիկա դպրոց), Ռուբինա Ծատուրյանը (Եվրոպական դպրոց), Ռոզա Սուքիասյանը (Օհանյան կրթահամալիր) և Գայանե Օհանյանը (Գորիսի ԳՕ կենտրոն):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *