«Եղբայրության» ճաքը․ ի՞նչ է կատարվում Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններում

Տասնամյակներ շարունակ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները նկարագրել են մի բանաձևով՝ «մեկ ազգ, երկու պետություն»։ Բայց այս օրերին հենց Թուրքիայում Ադրբեջանի նախագահի դեմ բողոքի ակցիա է։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առաջ ցուցարարները պարզել են «Սա ի՞նչ եղբայրություն է», «Ո՛չ Ադրբեջանում հիջաբի արգելքին» և «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է» գրություններով պաստառներ։

Պատճառը սկզբում թվում է ներքաղաքական՝ դպրոցական համազգեստ և հիջաբ։ Բայց Ստամբուլում հնչած կարգախոսները շատ արագ հասել են մինչև Իսրայել, Գազա և Ալիևի արտաքին քաղաքականություն։ Ու հարցն արդեն միայն գլխաշորի մասին չէ, այլ, թե որքանո՞վ է «եղբայրությունը» դիմանում արժեքային և աշխարհաքաղաքական հակասություններին։ Ադրբեջանի վերաբերյալ գրեթե բոլոր հարցերը բավական զգայուն են ընկալվում Թուրքիայում, հատկապես՝ պահպանողական և իսլամամետ շրջանակներում, ընդգծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«1997 թվականից հետո Թուրքիայում աշխարհիկ կարգերի պահպանության վերաբերյալ գործընթացներ տեղի ունեցան, իսկ Էրդողանի իշխանության գալուց հետո առավել ակտիվացան իսլամամետ շրջանակները։ Կարծում եմ՝ այս համատեքստում նաև Էրդողանից կա որոշակի աջակցություն Ադրբեջանին ուղղված ճնշումներին»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Հիջաբի վերաբերյալ բողոքի ալիքներ Ադրբեջանում պարբերաբար եղել են դեռևս 2010-ական թվականներից։ Ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը հիշեցրեց 2012 թվականին Բաքվում «Ազատություն հիջաբին» կարգախոսով զանգվածային բողոքի ակցիաների մասին։ Ցույցերին մասնակցել էին հարյուրավոր մարդիկ,  ոստիկանությունն էլ բռնի ուժ էր կիրառել։

«Հիջաբ չկրելու կամ կրելու վերաբերյալ սահմանափակումները դժգոհություն են առաջացնում կրոնական շրջանակներում։ Թուրքիայում ևս սա դիտարկում են որպես քայլ՝ թյուրքական ընդհանուր տրամաբանությունից որոշակիորեն հեռանալու և Ադրբեջանի առավել աշխարհիկ դիրքավորում ձևավորելու ուղղությամբ»,- ասաց Դիանա Կարապետյանը։

Սակայն գլխաշորից այն կողմ կան նաև քաղաքական հակասություններ։ Սեպտեմբերի 22-ին, երբ Բենիամին Նեթանյահուն ելույթ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչները, լքեցին դահլիճը։ Ադրբեջանի պատվիրակությունը, սակայն, մնաց տեղում։ Դրվագը Թուրքիայում դարձավ Բաքվի նկատմամբ դժգոհության նոր պատճառ և թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ հերթական ճեղքի տեսանելի դրսևորում։

«Սա Թուրքիայում բողոքի մեծ ալիք բարձրացրեց, սկսվեց ադրբեջանական կողմի դեմ բավական լայն մեդիաարշավ։ Հիշեցվեց նաև, որ Իսրայելն Ադրբեջանի համար զենքի մատակարար է, իսկ Ադրբեջանն էլ Իսրայելին ապահովում է նավթով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Սա հերթական անգամ ցույց տվեց թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա ճեղքը, որն առավել տեսանելի դարձավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանում հաղթած պետություն և առավել մեծ քաղաքական կշիռ ձեռք բերել»,- կարծում է ադրբեջանագետը։

Բացի այդ, Բաքուն փորձում է աստիճանաբար դուրս գալ «փոքր եղբոր» դերից, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր է անում։ Դիանա Կարապետյանի խոսքով՝ Ալիևի՝ սեպտեմբերի վերջին կուսակցության համաժողովում ունեցած ելույթը նույնպես կարևոր էր, երբ նա, ըստ էության, բացառեց թուրքական օգնությունն ու աջակցությունը պատերազմի ընթացքում և հայտարարեց, որ Ադրբեջանը միայնակ է հաջողության հասել։

Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում կհաղթի քաղաքական ռեալիզմը, այլ կերպ ասած՝ պրագմատիզմը։ «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը գլխավորապես աշխարհաքաղաքական շահերի սպասարկման կոնցեպտ է, քան պարզապես էթնիկական հիմքով ձևավորված հարթակ կամ բանաձև։

«Կարծում եմ՝ սա էական ազդեցություն չի թողնի թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով։ Ընդհակառակը, կարծում եմ, Թուրքիայում պարզապես այս վիճակը կարող են գործածել, որպեսզի տարբեր հարցերում, բնականաբար, պոպուլիստական գործիքներով, Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշումներ գործադրեն՝ Թուրքիայի երկարաժամկետ շահերը սպասարկելու նպատակով։ Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է առավել անկախ արտաքին քաղաքականություն կառուցել, ինչը, բնականաբար, Թուրքիայի համար այնքան էլ ընդունելի չի կարող լինել՝ հաշվի առնելով նաև այն աջակցությունը, որ Թուրքիան ցուցաբերեց Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասաց քաղաքագետը։

Ալիևն ու Էրդողանը, ամենայն հավանականությամբ, այս միջադեպից հետո էլ կշարունակեն խոսել եղբայրության մասին։ Պետական մակարդակում Բաքվի և Անկարայի ռազմավարական կապերը մի բողոքի ակցիայից դժվար թե փոխվեն։ Բայց Ստամբուլի այս բողոքի ակցիան ցույց է տալիս մի բան․ «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի տակ կան հարցեր, որոնց պատասխանները Բաքվում և Թուրքիայի հասարակության մի հատվածում այլևս նույնը չեն։ Եվ այս անգամ այդ տարբերությունը երևաց ոչ թե Արցախի, անվտանգության կամ տարածաշրջանային քաղաքականության, այլ դպրոց գնացող գլխաշորով աղջիկների պատմության միջոցով։

Գառնի Մութաֆյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *