Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է Ադրբեջանի համար զեկույց կազմելու պատճառով․ Der Spiegel

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին նախագահ Աուգուստ Հանինգը, որը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով, ենթադրաբար, պատրաստել է վերլուծական զեկույց Ադրբեջանի հետախուզության համար։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով հետաքննության արդյունքները։

Հանինգը ձերբակալվել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին։ Նրա հետ իրավապահները ձերբակալել են նաև գերմանական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից Մանֆրեդ Դ.-ին, որը նախկինում ղեկավարել է Հանինգի աշխատակազմը և հետախուզական ծառայությունում աշխատել մինչև 2026 թվականի գարունը։ Կասկածյալների տներում նույնպես խուզարկություններ են իրականացվել։

Ինչպես փոխանցում է RBC–ն, պարբերականի տվյալներով՝ Հանինգը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում իր նախկին աշխատակազմի ղեկավարի միջոցով ստացել է անհայտ «գաղտնի» փաստաթղթեր և դրանք օգտագործել զեկույց պատրաստելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, ըստ Գլխավոր դաշնային դատախազության, պետք է փոխանցվեր «օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին»։

Ինչպես գրում է Spiegel-ը, ենթադրյալ պատվիրատուն եղել է Ադրբեջանի հետախուզության աշխատակիցը։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ՝ արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը։

Պարբերականը նշում է, որ Հանինգի կապերը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ գաղտնի չեն պահվել։ BND-ի նախկին ղեկավարը եղել է «Գերմանա-ադրբեջանական ֆորումի» վարչության կազմում։

Հանինգը BND-ն ղեկավարել է 1998-ից մինչև 2005 թվականը։ Հետախուզությունից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հանինգի նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերին նրա տանը և գրասենյակներում խուզարկություններ են իրականացվել մեկ այլ գործի շրջանակում՝ գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման վերաբերյալ։ Առգրավված նյութերն ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետախուզության գաղտնի փաստաթղթերով էլեկտրոնային կրիչ։ Դրանից հետո նյութերը փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հանինգի և հետախուզական ծառայությունում տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *