Առնվազն 44 ադրբեջանցի զինծառայող է մահացել 2026 թվականի սկզբից ի վեր ոչ մարտական պայմաններում, ընդ որում՝ մահերի մեծ մասը բաժին է ընկնում հիվանդություններին, ավտովթարներին և այլ միջադեպերին։ Այս մասին ասվում է անկախ «Կասպյան պաշտպանական ուսումնասիրությունների ինստիտուտ» (CDSI) հասարակական կազմակերպության նոր զեկույցում։
Երկուշաբթի հրապարակված զեկույցն ընդգրկում է հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը գրանցված մահերը։ Ադրբեջանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվն արդեն գերազանցել է նախորդ տարվա հաստատված՝ 43 մահվան ցուցանիշը, գրում է OC-Media–ն։
Զեկույցի համաձայն՝ 13 զինծառայող մահացել է հիվանդությունից, 9–ը՝ ավտովթարների, 7–ը՝ այլ դժբախտ պատահարների հետևանքով, հինգը՝ ինքնասպանություն է գործել, իսկ մեկը մահացել է անփութության հետևանքով։ Եվս 9 զինծառայողի մահվան պատճառները չեն հրապարակվել։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 8 զինծառայող։ Նրանցից 5-ը վիրավորվել են ավտովթարի հետևանքով, 2-ը՝ ականի վրա պայթելու, իսկ 1-ը՝ լեռներում տեղի ունեցած սողանքի հետևանքով։