Անշարժ գույքի շուկան օգոստոսին. Երևանը առաջատարն է, Կենտրոնը՝ ամենաթանկը


Բիզնես


Հայաստանի անշարժ գույքի շուկան օգոստոսին նկատելիորեն աշխույժ է եղել, թեև հուլիսի համեմատ գործարքների թիվը փոքր-ինչ նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ ամիս գրանցվել է անշարժ գույքի 23 741 գործարք (հուլիսին՝ 25 529): Չնայած այս չնչին դանդաղեցմանը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակտիվությունն էապես աճել է. 2025-ի օգոստոսին արձանագրվել էր ընդամենը 18 780 գործարք։

Ինչ են գնել ու վաճառել

Օգոստոսյան գործարքներից ավելի քան 6 600-ը առուվաճառքներ են եղել։ Ամենամեծ պահանջարկը, ինչպես միշտ, բազմաբնակարան շենքերի բնակարաններինն է (2 690 գործարք): Գնորդների հետաքրքրության կենտրոնում են եղել նաև հողատարածքները (2 418 գործարք), որոնցից ավելի քան կեսը գյուղատնտեսական նշանակության հողեր են։

Զուգահեռաբար աճել է հիփոթեքային շուկան. գրանցված 3 663 գրավադրումներից 1 308-ը բաժին է ընկել հիփոթեքներին՝ հուլիսի համեմատ արձանագրելով փոքր աճ։

Աշխարհագրությունը. մայրաքաղաքն ու մերձակա մարզերը

Գործարքների թվով անվիճելի առաջատարը Երևանն է (7 173 գործարք):Իսկ  մարզերից համեմատաբար ավելի աշխուժ են  մայրաքաղաքին հարակիցները՝ այսպես Կոտայքում 4 955 գործարք, Արարատում՝ 1 983, Արմավիրում՝ 1 931, իսկ Արագածոտնում՝  1 489։

Բնակարանների գները Երևանում. 1 քմ-ի ռեկորդներն ու մատչելի տարբերակները

Մայրաքաղաքում բնակարանների գնային պատկերը խիստ տարբերվում է՝ կախված վարչական շրջանից.

Այսպես, ամենաթանկը շարունակում է լինել Կենտրոնում բնակարան ձեռք բերելը, այստեղ 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինը հասել է 993 000 դրամի։  Երկրորդ տեղում Արաբկիրն է (735 700 դրամ), որին հաջորդում են Դավթաշենը (598 000 դրամ), Նորք-Մարաշը (580 500 դրամ) և Քանաքեռ-Զեյթունը (566 000 դրամ)։

 

Ամենամատչելի տարբերակը Նուբարաշենում է, որտեղ 1 քմ-ի միջին գինը կազմում է 286 000 դրամ։

 

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Երևանի անշարժ գույքի շուկայում գնային խզումը շարունակում է խորանալ. Կենտրոնի և Նուբարաշենի միջև 1 քմ-ի գնային տարբերությունը հասնում է ավելի քան 3.5 անգամի։ Սա ցույց է տալիս, որ գնորդների համար կենտրոնական հատվածներում բնակարան ձեռք բերելն ավելի է դժվարանում, ինչն էլ ստիպում է պահանջարկն աստիճանաբար տեղափոխել դեպի մայրաքաղաքի ծայրամասերն ու հարակից մարզերը:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *