Այսօր լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 74-ամյակը։
Ձեզ ենք ներկայացնում 10 քիչ հայտնի փաստ նրա մասին․
1. Նրա պապը եղել է և՛ Լենինի, և՛ Ստալինի խոհարարը
Պուտինի պապը՝ Սպիրիդոն Պուտինը, աշխատել է որպես խոհարար նախ Վլադիմիր Լենինի, ապա՝ Իոսիֆ Ստալինի համար։ Այս մասին Պուտինն անձամբ պատմել է 2018 թվականին հրապարակված վավերագրական ֆիլմում։
2. Դեռ դպրոցական տարիքում նա հետաքրքրվել է ԿԳԲ-ով և անձամբ գնացել Լենինգրադի ԿԳԲ գրասենյակ՝ հարցնելու, թե ինչպե՞ս կարող է այնտեղ աշխատանքի անցնել։ Նրան ասել էին, որ ԿԳԲ-ն մարդկանց պարզապես դիմումի հիման վրա չի ընդունում, և խորհուրդ էին տվել սովորել իրավագիտություն։ Տարիներ անց՝ իրավաբանական կրթությունն ավարտելուց հետո, հենց ԿԳԲ-ն է նրան առաջարկել աշխատանք։
3. ԿԳԲ-ում նա սովորել է կեղծ անունով։ Մոսկվայում ԿԳԲ արտաքին հետախուզության ուսումնական հաստատությունում Պուտինը սովորել է «Պլատով» կեղծանվամբ։ Այնտեղ նա նաև սովորել է գերմաներեն և զբաղվել ձյուդոյով։
4. Նա մեծացել է կոմունալ բնակարանում, որտեղ նույնիսկ սեփական լոգարան չի եղել։ Պուտինի ընտանիքը Լենինգրադում ապրել է կոմունալ բնակարանում՝ այլ ընտանիքների հետ կիսելով կենցաղային պայմանները։ Նրա մանկության հիշողություններից մեկն աստիճանավանդակում առնետներին փայտով հետապնդելն է։ Այդ մասին նա պատմել է իր «Առաջին դեմքից» կենսագրական գրքում։
5. Նրա քաղաքական կենսագրության մեջ կա բավական անսովոր ակադեմիական սկանդալ։ 1997 թվականին Պուտինը պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուական աշխատանք։ 2006-ին Բրուքինգի ինստիտուտի (անգլ.՝ Brookings Institution) հետազոտողները հայտարարել են, որ աշխատանքի որոշ հատվածներ բառացիորեն վերցված են ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Քինգի և Դեյվիդ Քլելանդի 1978 թվականի գրքից։ Ինստիտուտի հրապարակած նյութում նշվում է, որ ամբողջական հատվածներ համընկել են բնագրի հետ՝ առանց պատշաճ չակերտների և էջային հղումների։
6. Պուտինը մի սպորտից անցել է մյուսին և երկուսում էլ ստացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Նա սկզբում զբաղվել է սամբոյով, այնուհետև՝ ձյուդոյով։ Պուտինի խոսքով՝ նա ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում և՛ սամբոյում, և՛ ձյուդոյում։ Իսկ 2013-ին նա նույնիսկ ստացել է թաեքվոնդոյի 9-րդ դանի պատվավոր կոչում, չնայած թաեքվոնդոյով չի զբաղվել որպես հիմնական մարզաձև։
7․ Դրեզդենում Պուտինը փաստացի տեսել է, թե ինչպես է փլուզվում խորհրդային համակարգը՝ իր աչքի առաջ։ 1989 թվականի դեկտեմբերի 5-ին Արևելյան Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ցուցարարները ԳԴՀ անվտանգության ծառայության (Շտազի) կենտրոնակայանը գրոհելուց հետո մոտեցել են հարևանությամբ գտնվող ԽՍՀՄ ԿԳԲ (ՊԱԿ) շենքին։ Այդ ժամանակ շենքում ծառայում էր ԿԳԲ փոխգնդապետ (կամ մայոր) Վլադիմիր Պուտինը։ Ավագ հրամանատարության բացակայության պատճառով նա ստիպված է եղել իր վրա վերցնել իրավիճակի հսկողությունը։ Պուտինը կապ է հաստատել մոտակա խորհրդային զորամասի հետ՝ պաշտպանության համար տանկեր և ամրանդումներ խնդրելով, սակայն զինվորականները մերժել են՝ նշելով, որ առանց Մոսկվայի հրամանի՝ ոչինչ չեն կարող անել, իսկ «Մոսկվան լռում է»։ Տեսնելով, որ օգնություն չկա, ԿԳԲ աշխատակիցները սկսել են հապշտապ այրել և ոչնչացնել գաղտնի արխիվներն ու փաստաթղթերը, որպեսզի դրանք չընկնեն ցուցարարների ձեռքը։ Պուտինն անձամբ է դուրս եկել շենքից և գերմաներեն դիմել հավաքված ամբոխին՝ զգուշացնելով, որ շենքը խորհրդային տարածք է, և պահակախումբը կարող է զենք կիրառել։ Դրանից հետո ցուցարարները ցրվել են։ Այս իրադարձությունը, ըստ պատմաբանների և հենց Պուտինի հուշերի, բեկումնային ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի վրա՝ ձևավորելով վախ պետական համակարգի փլուզումից և փողոցային ցույցերից։
8. Պուտինը Դրեզդենից վերադարձել է ոչ միայն հիշողություններով, այլև 20-ամյա լվացքի մեքենայով։ 1989–1990 թվականների իրադարձություններից հետո Պուտինների ընտանիքը Գերմանիայից վերադարձել է Լենինգրադ։ BBC-ի պատմական նյութում նշվում է, որ նրանց գերմանացի հարևաններն ընտանիքին տվել էին մոտ 20 տարվա հնության լվացքի մեքենա, որը նրանք իրենց հետ բերել են ԽՍՀՄ։
9. Նրա շներից մեկը բառացիորեն «խառնել» է ռուսական և գերմանական բարձր քաղաքականության հանդիպումը։
2007 թվականին Պուտինի մեծ սև լաբրադոր Կոնին մտել է սենյակ, որտեղ Պուտինը հանդիպում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Պուտինը գիտեր, որ Մերկելը վախենում է շներից, և շունը հայտնվել է նրա կողքին։ Տարիներ անց Մերկելը պատմել է այդ դրվագի մասին։
10. Պուտինի ծննդյան օրը երբեմն նշվել է ոչ թե Կրեմլում, այլ Սիբիրի տայգայում։ 2014 թվականին՝ իր 62-րդ տարեդարձին, Պուտինը հրաժարվել է սովորական պաշտոնական տոնակատարություններից և մեկնել Սիբիրի հեռավոր տայգա՝ այնտեղ անցկացնելու ծննդյան օրը։ Reuters-ն այդ ժամանակ նշել էր, որ դա նրա համար անսովոր, մասնավոր տոնակատարություն էր։