Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 2/6 հասցեում «Պրեստիժ պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս. Աբրահամյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում՝ «Լ. Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Նշված լցակայաններում տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազաբենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *