Սովորական կրիմինալ իրավիճակ է․ ոստիկանությանը սպասեին՝ ոչինչ չէր լինի. Փաշինյանը՝ Շաքիում տեղի ունեցած դեպքի մասին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ քննադատելով նրա դիրքորոշումը Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Այստեղ և երեկվա հարցազրույցում, ըստ էության, զբաղվել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ։ Արդյո՞ք պատրաստվում եք հանդես գալ հայտարարությամբ՝ ինչ-որ չափով դատապարտելով ՀՀ քաղաքացի Անի Ավետիսյանին, ով անձնազոհաբար պաշտպանել է իր երեխաներին, պատասխանել թշնամու կրակոցին, վիրավորել նրան ու ինքնապաշտպանվել»,- հարցրեց պատգամավորը։

Արձագանքելով՝ Փաշինյանը նշեց․

«Ձեր ասածից պարզ է դառնում, որ ձեր իշխանության օրոք Շաքիի դեպքի պատճառով ռազմական դրություն կհայտարարվեր, ու բանակը կբերվեր առաջին մարտական վիճակի։ Սիրելի՛ ժողովուրդ, տեսեք՝ ինչի մասին է խոսքը: Հասկանում եմ, որ մայրական բնազդը երբեմն ամեն ինչից ուժեղ է, բայց եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պետք է սպասել վերջինիս գործողություններին»։

Վարչապետի խոսքով՝ տեղի ունեցածը սովորական կրիմինալ միջադեպ է․

«Հայաստանում, ցավոք, ամեն օր նման դեպքեր լինում են։ Բազմաթիվ անձինք կան դատապարտված սահմանն ապօրինի հատելու համար»։

Արեգա Հովսեփյանը հակադարձեց՝ նշելով, թե վարչապետն ըստ էության պնդում է, որ քաղաքացին չպետք է տրվեր մայրական բնազդին ու պաշտպաներ երեխաներին, այլ պարզապես պետք է սպասեր իրավապահներին։

«Դա սովորական կրիմինալ իրավիճակ է։ Եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ, բացարձակապես ոչինչ տեղի չէր ունենա»,- եզրափակեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *