
80 տարի առաջ՝ 1946 թվականի հոկտեմբերին, խորհրդային բանակից զորացրվելուց անմիջապես հետո Ալավերդու շրջանի առողջապահության բաժնի վարիչ է նշանակվել Ալֆրեդ Սեդրակի Պիվազյանը, որը հետո տեղափոխվել է Երեւան եւ երկար տարիներ ղեկավարել մայրաքաղաքի առաջին հիվանդանոցը։ Նրան այսօր Ալավերդիում հիշում են ավագ սերնդից եկող պատմություններից, հուշերից եւ գնահատականներից։
Ո՞վ է Ալֆրեդ Պիվազյանը․ Լենինի, Կարմիր աստղի շքանշանների եւ 10 մեդալների ասպետ, բժշկական ծառայության պահեստի մայոր, ՀՀ վաստակավոր բժիշկ։ Նա ծնվել է 1919թ․, Բայազետում։ 1937-ի դժնդակ տարում ավարտել է Թբիլիսիի թիվ 68 միջնակարգ դպրոցը, 1941-ի դեկտեմբերին՝ Երեւանի բժշկական ինստիտուտը։ Ուսանողական նստարանից բաժանվելուց հետո անմիջապես նշանակվել է 408-րդ հրաձգային դիվիզիայի 663-րդ գնդի սանիտարական վաշտի հրամանատար։ Հետո տեղափոխվել է 111-րդ հրաձգային բրիգադ ու մեկնել կովկասյան ռազմաճակատ։
Իմ ուսանողական տարիներին պատիվ եմ ունեցել լսել նրա հետաքրքիր եւ տպավորիչ խոսքը Նովոռոսիյսկի մարտերում, Մալայա զեմլյայում մեր զորքերի մղած մարտերի մասին։ Ինքն էլ, մոռացած քուն ու դադար, աշխատել է ուժերի առավելագույն լարումով՝ մերթ ցույց տալով բժշկական օգնություն, մերթ կազմակերպելով վիրավորների էվակուացիան, մերթ անցնելով համաճարակային միջոցառումներ։ 1943թ․ օգոստոսին տեղափոխվել է 9-րդ Կրասնոդարյան Կարմրադրոշ դիվիզիայի 993-րդ հրաձգային գունդ՝ սանիտարական վաշտի հրամանատարի պաշտոնի։ Հետո դառնալով նույն գնդի ավագ բժիշկ՝ անցել է Թամաններից մինչեւ Պրահա՝ մասնակցելով Ուկրաինայի, Մոլդավիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրման համար մղված մարտերին։
Մի սխրալից կյանք՝ մեծ հաղթանակի ճանապարհին։ Վերջերս կրկին թերթում էի Ա․ Բ․ Գրիգորյանի, Բ․ Գ․ Մելքումյանի «Հայաստանի բժիշկները՝ Մեծ հայրենականում» (Հայաստան հրատարակչություն, 1987թ․) 2-րդ գիրքը։ Կրկին համոզվեցի, որ Ալֆրեդ Պիվազյանը եւ նրա նման էլի շատ բժիշկներ, ակտիվ մասնակցելով Մեծ հաղթանակի կերտմանը, պայքարել են մեկ այլ ճակատում՝ մարդկանց կյանքի համար անդուլ պայքարի դաշտում։ Նրանց սխրանքը չպետք է մոռացվի։ Գրեցի՝ չմոռացվի ու հիշեցի, որ մի հիշարժան դրվագ էլ ես եմ մոռանում։
Ես եւ երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանը մտադրվել էինք այցելել Ալֆրեդ Պիվազյանին։ Ալբերտը պատրաստվում էր իր կողմից խմբագրվող «Եզդիների ձայն» թերթում հրապարակում անել օրեր առաջ խմբագրությունում ստացված շնորհակալական նամակի հետ կապված՝ ուղղված բժշկին, ես էլ ցանկանում էի Պիվազյանի գունեղ կերպարը ներկայացնել «Լոռի» թերթի ընթերցողներին։ Ցավոք, տեղեկացանք, որ ընդամենը օրեր առաջ, բժշկական խալաթից դեռ չբաժանված, իր երկրային կյանքն ավարտել է մեծարգո Ալֆրեդ Պիվազյանը։ Դա 1994 թվականն էր՝ 32 տարի առաջ։ Անանց հիշատակ եւ սուրբ լույս՝ հայրենիքի զինվորի եւ նվիրյալ բժշկի գերեզմանին։
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ