Ես և իրանցի գործընկերները, ինչպես նաև Իրանի ղեկավարությունը՝ նախագահը, խորհրդարանի խոսնակը և նրանք, ում հետ հասցրել ենք շփվել, քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի՝ Իրան այցի վերաբերյալ հարցին, ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Իրանում, առնվազն իմ տպավորությամբ և իմ լսածից եզրակացնում եմ, որ ԹՐԻՓՓ-ի շուրջ այն աժիոտաժը, որը երբեմն միտումնավոր ներկայացվում է որոշ մեդիառեսուրսների, որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից, ամենևին չի համապատասխանում իրականությանը։ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իրանում, իմ տպավորությունից և իմ լսածից ելնելով, ասում եմ, որ բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որոնք այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը ընձեռելու են հենց Իրանին և իրանցի գործարարներին, Իրանի տնտեսությանը։
Շատ լավ քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, հնչել են հարցեր, հարցերին տրվել են պատասխաններ։ Աշխատանքներն այս հարցի շուրջ Իրանի հետ շարունակական են։ Կարող եմ իսկապես ասել, որ երկու կողմի համար էլ բավարարվածության զգացում կա։ Մնացածը աժիոտաժ է, որը փչվում է։
Նույն սերիան է՝ վա՜յ, Իրանը արգելափակում է ԹՐԻՓՓ-ի գործունեությունը, վա՜յ, Ալիևը նոր պահանջներ է դրել Հայաստանի առաջ, վա՜յ, հայկական ծիրանը չվաճառվեց, վա՜յ, մեր մահը մոտ է, վա՜յ, Հայաստանում ամեն ինչ վատ է, վա՜յ, հարձակվեցին Հայաստանի վրա։ Այս ամենը ինչի՞ համար է. սկսել պատերազմ, դիմել փրկիչի օգնությանը, հայտնվել խեղճ վիճակում և նայել փրկիչին, երաշխավորի երաշխավորմանը, խաղաղապահի խաղաղապահությանը և այլն։
Շատ պարզ սցենար է։ Ինչ լուր կարդում եք, մի հատ այս ֆիլտրով անցկացրեք»,– նշեց Միրզոյանը։
Նա նաև հայտնեց, որ Իրանի հետ ավիափոխադրումներ կան․ «Ես մեկնել և վերադարձել եմ այդ ավիաուղիներից մեկով»,– հավելեց նախարարը։