Ով է ռուսամետ թեկնածուն, և ինչու են փոշիացնում քվեները

Իշխանության հավակնորդներն ապաքաղաքական ու անտրամաբանական քարոզարշավ են իրականացնում։ Տպավորություն է, թե փորձում են արժեզրկել ընտրությունների քաղաքական նշանակություն, խճճել ընտրողին, որ նա չկողմնորոշվի, թե ում ընտրել և ինչու։

Գլխավոր ընդդիմադիր կարգված կուսակցությունը մի քանի ամիս առաջ է ստեղծվել։ Նրա առաջնորդ Սամվել Կարապետյանը նոր է դարձել քաղաքական գործիչ, առաջին հրապարակային ելույթն ունեցել է մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին։ ՔՊ-ականներն ասում են, թե նա ՌԴ նախագահի հովանավորությունն է վայելում։

Տեսակետ կա նաև, թե Պուտինն, աջակցելով Սամվել Կարապետյանին, իրականում աջակցում է Նիկոլ Փաշինյանին: Համաձայն հարցումների՝ ՀՀ-ում ընտրողների 70%-ն հակառուսական տրամադրություններ ունեն։ Այս պարագայում Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելը հավասարազոր է նրան, որ նա ձայներ չստանա և նպաստի Փաշինյանի վերընտրվելուն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում պնդել է, որ իրենց իշխանության օրոք Լարսում խնդիրներն ամենաքիչն են եղել, գազը չի թանկացել, իսկ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունն անգամներով աճել է։

«Պաշտոնապես եմ սա հայտարարում՝ նաև որպես պրոֆիլային հանձնաժողովի պատասխանատու, ԵԱՏՄ տարածաշրջանում մենք ունենք զրո պրոբլեմ, զրո անլուծելի հարց»,– վստահեցրել է նա, նաև հայտարարել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա։ Սա նշանակու՞մ է, որ Մոսկվայի հովանավորյալը, ռուսական շահերի նվիրյալ պաշտպանը Փաշինյանն է։

Եթե գլխավոր երկու թեկնածուները հայ-ռուսական օրակարգն անխախտ պահելու և զարգացնելու ջատագով են, ապա այս առումով նրանց միջև տարբերություն կա՞։ Այլ կերպ ասած՝ ընտրություն կա՞։ Բոլորն են հիշում, որ Փաշինյանի ռուսամետ քայլերի պատճառով պետությունն ու ժողովուրդը մեծ կորուստներ են ունեցել վերջին տարիներին։ Իրենք՝ ՔՊ-ականներն են բազմիցս խոստովանել այդ մասին։ Այսքանից հետո ի՞նչ իմաստ ունի տպավորություն ստեղծելը, թե ընդդիմադիր նիշայում ռուսամետ ուժերն են մեծ ժողովրդականություն վայելում։

Տրամաբանական է, որ անկախության ու ժողովրդավարության ջատագով քաղաքացիները ռուսամետ ուժերին չեն ընտրի։ Եթե միլիարդատեր հայերն իրոք ուզենային ՀՀ-ում իշխանափոխություն անել, ապա նվիրատվություններ կանեին անկախական, ժողովրդավար ուժերին, որոնք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիա անելու, անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնելու օրակարգ ունեն։ Եթե այնքան մեծ կարծիք ունեն իրենց մասին և իրենց անունով են ուզում մասնակցել, ապա կարող էին անկախական, ժողովրդավարական ծրագրերով ու կարգախոսներով հանդես գալ, ոչ թե պատրանք ստեղծել, թե Փաշինյանին հակառուս է։

Այսպիսով՝ ռեալ այլընտրանք կառաջարկեին ռուսական ֆորպոստի վարչապետ կարգված Փաշինյանին, գուցե նաև հաղթեին, քանի որ, ինչպես փաստում են հարցումները, քաղաքացիների մեծ մասը անկախության ու ժողովրդավարության կողմնակից են, ռուսական գործակալ կամ ազդեցության գործակալ չեն։

Ներկայում հիմնական հավակնորդներն, այդ թվում՝ Փաշինյանը, խաղում են ռուսական լարի վրա։ Ասում են, թե այս դեպքում ևս ընդդիմությունը կարող էր լավ արդյունք գրանցել, ստանալ ռուսամետ էլեկտրատի ձայները, եթե հանդես գար միասնական դաշինքով, միավորեր բոլոր ուժերը։ Եթե այդպես չարեցին, ապա հիմք տվեցին ենթադրելու, որ ընդդիմադիր ուժերի համար իշխանությունը նպատակ չէ։

Առավել հոռետեսներն ասում են, թե վարկանիշ ունեցող ռուսամետ ընդդիմադիրներն առանձին-առանձին են մասնակցում, որ փոշիացնեն քվեներն ու նպաստեն Փաշինյանի հաղթանակին։ Սա, իհարկե, հակաժողովրդավարական տեսակետ է, սակայն իշխանափոխություն ակնկալող հանրությունը հակված է հավատալու դրան, մատնանշելով նաև այն, որ որոշ կուսակցություններ ուրույն ասելիք չունեն, շեմն անցնելու շանս չունեն, բայց չեն միանում։ Հետևաբար՝ մարդիկ ենթադրում են, որ որոշ կուսակցություններ քվե փոշիացնելու համար են մասնակցում։

Կարճ ասած՝ ընդդիմության վարքը քաղաքական առումով անտրամաբանական է, հիմք է տալիս կասկածի, որ այն թելադրվում է Փաշինյանի և Կրեմլի կողմից։ Եվ ինչպես 2021-ին, ընդդիմադի մեծ ուժերի հիմնական խնդիրը ռուսամետ ձևանալն է, հիմք ստեղծելով, որ ՔՊ-ն շահարկի իրենց ռուսամետությունը, Կրեմլի ագենտ լինելը։

Այս իրավիճակից, բնականաբար, օգտվելու է Փաշինյանը, շահելով Արևմուտքի աջակցությունը, որն աչք է փակելու ակնհայտ խախտումների վրա։ Արդյունքում՝ ՀՀ-ն Փաշինյանի շնորհիվ ևս մի քանի տարի կմնա ռուսական ուղեծրում, ինչը գործնականում լրիվ բավարարում է գլխավոր մրցակիցներին, որոնց փողերի մեծ մասը ՌԴ-ում է։ Ինչպես ասում են՝ և՛ գայլերը կուշտ կլինեն և ոչարներն անվնաս կմնան։ Եթե այս ենթադրությունը սխալ է, ապա ընդդիմադիրները վաղը կփոխեն իրենց խոսույթը, նամակ կգրեն ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների քաղաքական ընտրանուն, որ ի սեր ժողովրդավարության, մարդասիրության՝ չաջակցեն Հայաստանում միակ ռուսամետ թեկնածուին, հակաքաղաքակրթության միակ գործիքին՝ Նիկոլ Փաշինյանին, նոր աղետներ չպատճառեն Հայաստանին ու հայ ժողովրդին։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *