Գյուղմթերքի իրացման խնդիր չկա. նախարարը թվեր ներկայացրեց

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն ամբողջությամբ իրացվել է՝ մթերվել, արտահանվել կամ սպառվել տեղական շուկայում։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Արաքսյա Վարդանյանի հարցերին։

Պատգամավորը հետաքրքրվել էր տնտեսական աճի կառուցվածքով, բնակչության բարեկեցության վրա դրա ազդեցությամբ, ինչպես նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և դեպի Եվրոպական միություն արտահանման ծավալներով։

Անդրադառնալով ԵՄ շուկային՝ նախարարը նշեց, որ հունվար-օգոստոս ամիսներին դեպի Եվրոպական միություն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է ավելի քան 69 տոկոսով։ Պապոյանն ընդգծեց, որ խոսքը բացառապես տեղական արտադրանքի մասին է, այլ նոչ թե երրորդ երկրներից վերաարտահանվող ապրանքների։ Նրա փոխանցմամբ՝ ԵՄ արտահանվող ապրանքների թվում զգալի տեսակարար կշիռ ունեն նաև գյուղատնտեսական ապրանքները։

Խոսելով գյուղմթերքի իրացման մասին՝ նախարարը հիշեցրեց գարնանը հնչող մտահոգություններն ու բացասական կանխատեսումները՝ դրանք հակադրելով արձանագրված արդյունքներին․ «Ամբողջ գյուղմթերքը Հայաստանի Հանրապետությունում մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում սպառված է»։

Ներկայացնելով տնտեսական աճի ցուցանիշները՝ Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ հունվար–օգոստոսին աճ է գրանցվել բոլոր ոլորտներում․

  • Արդյունաբերություն՝ 7,4% աճ
  • Շինարարություն՝ շուրջ 25% աճ
  • Ծառայություններ՝ մոտ 13% աճ
  • Առևտուր՝ մոտ 1% աճ

Գևորգ Պապոյանի գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների կենսամակարդակի վրա, քանի որ նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու միջին աշխատավարձի բարձրացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *