Շաքիի միջադեպի մասնակից ադրբեջանցի զինծառայողին փոխանակելու մասին այս պահին խոսք լինել չի կարող․ խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա ներկայացրածով՝ այս պահին կա քրեական վարույթ, և պետք է իրավական գնահատական տրվի սահմանը խախտելու գործողություններին, ինչից հետո քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, կուղարկվի դատարան։
«Դատարանում, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի, և կսկսվի կրել պատիժը՝ ՀՀ օրենքներին համապատասխան։
Դրանից հետո չեմ բացառում, (պրակտիկան էլ ցույց է տվել, որ նման դեպքեր եղել են), որ, հնարավոր է, Ադրբեջանում գերավարության մեջ գտնվող և մեր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխելու դիմաց՝ ադրբեջանցին էլ հանձնվի իր երկրին։ Բայց դրա մասին խոսելը շատ վաղը է։ Նման պրոցես չկա այժմ։ Պրոցեսները գտնվում են քրեադատավարական տիրույթում»,- ավելացրեց Խաչատրյանը։