Եվրոպական խորհրդարանում գերակշռում են ադրբեջանատյաց տրամադրությունները․ Միլի Մեջլիս

Միլի Մեջլիսը հոկտեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ ընդունված բանաձևը գնահատում է որպես «օբյեկտիվությունից հեռու», ինչպես նաև «երկրի դեմ ուղղված կողմնակալ քաղաքական ակցիա»։ Միլի Մեջլիսը վճռականորեն մերժում է բանաձևում առկա «անհիմն մեղադրանքները», որոնք հիմնված են «կեղծ և հորինված» տվյալների վրա, հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Միլի Մեջլիսի մեկնաբանությանը։

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի նկատմամբ նպատակաուղղված քաղաքական գիծը ձեռք է բերել էլ ավելի առճակատող բնույթ։ Վերջին տարիներին այս կազմակերպության կողմից ընդունված բանաձևերը, մեր երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձերը և պատժամիջոցներ սահմանելու կոչերը պետք է գնահատել որպես Հարավային Կովկասում Ադրբեջանի պատմական հաղթանակից հետո ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունները Եվրոպական խորհրդարանի կողմից չճանաչելու դրսևորում։

Եվրոպական խորհրդարանը շարունակում է հանդես գալ որպես դատավոր, որը, իբր, իրավունք ունի որոշելու ինքնիշխան երկրի պետական մարմինների լիազորությունների շրջանակը, ցուցումներ տալու դրա իրավապահ և դատական մարմիններին, որոշելու երկկողմ հարաբերությունների քաղաքական պայմանները։ Նման մոտեցումը լուրջ կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդարանի օբյեկտիվությունը և վկայում է Ադրբեջանի հետ հարաբերությունները հավասարության, փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա կառուցելու նրա անպատրաստության մասին։

Այս ամենը ցույց է տալիս, որ կազմակերպությունում գերակշռում են ադրբեջանատյաց, թուրքատյաց և իսլամատյաց տրամադրությունները։ Այն փաստը, որ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ ներկայացնում են ոչ թե եվրոպացի ընտրողների, այլ լոբբիստական խմբերի շահերը, վկայում է նրանց ռասիզմի և շովինիզմի մասին։ Բանաձևի հեղինակները, իրենց անբարեխիղճ քաղաքական նպատակներին հասնելու համար, պատրաստ են վտանգի տակ դնել անգամ Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականությունը», – ասվում է մեկնաբանության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *