
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ սանկցիաների ցանկում ավելացնելով 38 կազմակերպություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք և «ստվերային նավատորմի» նավեր, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Պատժամիջոցները ներառում են ռուսական ֆինանսական հաստատություններ՝ «Ստոլիչնի կրեդիտ» առևտրային բանկը, «Պլանետա» բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև Կանադայի և Ղրղզստանի ընկերություններ, որոնք, ենթադրաբար, տնտեսական աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանի կառավարությանը։
Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և Թաիլանդի ընկերություններ, որոնք ապրանքներ կամ տեխնոլոգիաներ են մատակարարել Ռուսաստանին։
Սահմանափակումները վերաբերում են նաև «Զարուբեժնեֆտ» և «ԻՆԿ-Կապիտալ» էներգետիկ ընկերություններին։
Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 12 նավ ընդգրկվել են Մեծ Բրիտանիայի առևտրային և ծովային պատժամիջոցների ցանկում։
Հոկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի դեմ 31 նոր պատժամիջոցների կիրառման մասին, որոնք վերաբերում են 23 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ութ նավի։