Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերություններին և խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր շփումների կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացին։ Քննարկել են նաև Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։
Վահագն Ալեքսանյանը ընդգծել է փոխադարձ այցերի և բարձր մակարդակի շփումների շարունակականությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորհրդարանական համագործակցության առավել խորացման կարևոր բաղադրիչ։
