Կարո՞ղ է արդյոք Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ BBC

«Երկու երկիր, մեկ ազգ»․ այս կարգախոսն Ադրբեջանում պահպանվել է 1990-ական թվականներից ի վեր՝ Թուրքիային համարելով ռազմական-քաղաքական դաշնակից։ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ղարաբաղյան պատերազմում ցուցաբերած աջակցության համար, իսկ թուրքական դրոշները ծածանվել են Բաքվում։ Սակայն Իսրայելի պատերազմը Գազայում բացահայտեց, թե որքան տարբեր են Բաքվի և Անկարայի շահերը։ Թուրքիան բացահայտորեն դեմ է արտահայտվում Իսրայելին՝ Ադրբեջանի մեկ այլ դաշնակցին։ Եվ հիմա Ալիևը պնդում է, որ օգնություն չի եղել, և Բաքուն պարզապես վճարել է զենքի համար․ գրում է BBC-ն։

«Պատերազմի ժամանակ մեզ իրականում ոչ ոք չօգնեց, բայց Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, և երկու երկրների միջև տարաձայնություններ չկան», – BBC-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները, առանց Թուրքիային հիշատակելու, արդեն քանի օր է՝ գրում են, որ Ադրբեջանն անկախ երկիր է և չպետք է ենթարկվի որևէ արտաքին ազդեցության՝ մեջբերելով և վերլուծելով նախագահի ելույթից հատվածներ։

«Հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները, որ ոչ ոք չի օգնել Ադրբեջանին՝ կարելի է ենթադրել, որ դրանք ձևակերպվել են որպես Թուրքիային ուղղված ուղերձ», -կարծում է Անկարայում բնակվող քաղաքական վերլուծաբան Հասան Սելիմ Օզերթեմը։

Նա նշում է, որ Ադրբեջանում ինքնությունը մեծապես կառուցվում է «Ղարաբաղը վերադարձնելու» թեմայով և այն փաստի վրա, որ դրան հասել են հենց իրենք՝ ադրբեջանցիները։ Այդ պատերազմում Ադրբեջանը նաև օգտագործել է իսրայելական Harop անօդաչու թռչող սարքեր։ Իսրայելական դրոշները ևս ծածանվել են Բաքվի փողոցներում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ կնքված համաձայնագրից հետո։

Ըստ երևույթին՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև պառակտումը սկսվել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նյու Յորքում վերջերս կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում բարձրացավ ամբիոն և սկսեց խոսել Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ օգտագործված պայթուցիկների մասին: Մի քանի երկրների ներկայացուցիչներ լքեցին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի, իսկ Նեթանյահուի ներկայության դեմ բողոքի ցույցեր անցկացվեցին ՄԱԿ-ի շենքի դիմաց: Ադրբեջանի ներկայացուցչի լուսանկարը, որը մնացել էր դահլիճում դատարկ նստատեղերի ֆոնին, տարածվեց սոցցանցերում: Այն փաստը, որ Թուրքիայի ներկայացուցիչը հեռացավ, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչը մնաց, չողջունվեց թուրքական լրատվամիջոցների կողմից, որոնք կարծում էին, որ Ադրբեջանը չի գործում այնպես, ինչպես պետք է վարվի դաշնակիցը։

Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի հետ: Այն նավթ է վաճառում երկու երկրներին և զենք է գնում նրանցից։

«Հայտնի է, որ Թուրքիայում շատերը, հատկապես իսլամիստական շրջանակում, դժգոհ են Բաքվի և Իսրայելի միջև սերտ հարաբերություններից։ Սակայն, նախ, սա այն պատճառը չէ, որի համար Անկարան կցանկանա բախվել Ադրբեջանի հետ։ Երկրորդ՝ Թուրքիան ինքնին երկիմաստ դիրքորոշում է պահպանում. խստորեն քննադատելով Իսրայելի ղեկավարությանը՝ Անկարան շարունակում է նրա հետ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ ադրբեջանական և իրաքյան նավթի տարանցումը», – ասում է արևելագետ և NEST կենտրոնի փորձագետ Ռուսլան Սուլեյմանովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *