Հայաստանում փողը թանկացե՞լ է, թե՞ էժանացել․ վարկերի և ավանդների տոկոսադրույքները` 10 տարվա կտրվածքով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2016–2025 թթ Հայաստանում վարկերի և ավանդների տոկոսադրույքները երկարաժամկետ կտրվածքով նվազել են, սակայն վերջին տարիներին վարկավորման շուկայում հակառակ միտում է ձևավորվել։

Համաշխարհային բանկի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության վրա հիմնված տվյալների համաձայն՝ Հայաստանում վարկավորման տարեկան տոկոսադրույքը 2016 թ․ 17.36%-ից 2025 թ․ նվազել է մինչև 13.78%, այսինքն՝ 3.58 տոկոսային կետով։ Միաժամանակ ավանդների տոկոսադրույքը 11.62%-ից նվազել է մինչև 8.03%՝ 3.59 տոկոսային կետով․

Սակայն տասնամյակի ընթացքում գրանցված փոփոխությունները միանման չեն եղել։ Վարկավորման տոկոսադրույքն աստիճանաբար նվազել է՝ 2020թ․ հասնելով 11.62%։ Դրանից հետո սկսվել է հակառակ գործընթացը․ 2025թ․ ցուցանիշն արդեն 2.16 տոկոսային կետով գերազանցել է 2020թ․ մակարդակը։

Մինչդեռ ավանդների տոկոսադրույքները նույն ժամանակահատվածում էականորեն չեն փոխվել՝ պահպանվելով 8%-ի սահմաններում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ


Հետաքրքիր է նաև վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերության դինամիկան։ Եթե 2016 թ․ այն կազմում էր 5.74 տոկոսային կետ, ապա 2022 թ․ նվազել էր մինչև 3.25 տոկոսային կետ, իսկ 2025 թ․ կրկին բարձրացել՝ հասնելով 5.75-ի։

Այս զարգացումները վկայում են, որ վերջին տարիներին վարկային միջոցների գինը բարձրացել է ավելի արագ, քան ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքը։ Գործընթացի վրա կարող էին ազդել դրամավարկային պայմանները, ֆինանսավորման ծախսերը, վարկային ռիսկերը և բանկային շուկայի մրցակցությունը։

  • Այսպիսով, եթե համեմատենք տասնամյակի սկզբի հետ, Հայաստանում փողն անվանական առումով էժանացել է, սակայն 2020 թ․  հետո վարկառուների համար ֆինանսավորման պայմանները կրկին թանկացել են։ Ընդ որում, տոկոսադրույքների անվանական նվազումը դեռևս չի նշանակում իրական արժեքի համարժեք նվազում․ վերջինս գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև գնաճը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *