Օրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկում


Վորոնեժում քննվում է «օրենքով» գող Արման Ջանինյանի (Կալուգայի Արմանի) վերաբերյալ քրեական գործը։ Նրան մեղադրում են հանցավոր աստիճանակարգությունում բարձրագույն դիրք զբաղեցնելու եւ 2023 թվականին սպանություն կազմակերպելու մեջ։

Քննության վարկածով՝ Արման Ջանինյանը կարող է լինել հանցավոր խմբավորումների «օբշչակը» պահողի՝ գանձապահի սպանության պատվիրատուն։

«Կոմերսանտի»- ի տվյալներով՝ առաջիկա ամիսներին քրեական հեղինակության նկատմամբ դատավճիռ կկայացվի։

Հանցավոր շրջանակներում Արման Ջանինյանը հայտնի է Կալուգայի Արման/ Арман Калужский անունով։ 1990-ականների կեսերից նա մի քանի անգամ դատապարտվել է գողության եւ ավազակության համար։ Նրա գործունեության ամենահայտնի դրվագը կապված է գրեթե քսան տարվա վաղեմության իրադարձությունների հետ։

Այդ ժամանակ, հերթական պատիժը կրելուց հետո ազատ արձակվելով, նա ստեղծել է խմբավորում, որը գործարարներից գումար էր շորթում՝ նրանց «հովանավորություն» տրամադրելու դիմաց։

Քրեական գործը, որն այժմ քննվում է Վորոնեժի մարզային դատարանում, առնչվում է մեծ հնչեղություն ստացած սպանության դեպքին, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին՝ Վորոնեժի ծայրամասում։

Այդ ժամանակ Անտոնովո-Օվսեենկոյի փողոցում գտնվող բնակելի շենքի բակում հայտնաբերվել էր հրազենային բազմաթիվ վնասվածքներով Հայաստանում ծնված 43-ամյա տղամարդու մարմինը։

Ավելի ուշ հրապարակված տեսագրություններում երեւում է, թե ինչպես են տղամարդուն կրակում թիկունքից, երբ նա փորձում է փախչել մարդասպանից։

Վարձու մարդասպանը մի քանի ստուգիչ կրակոց է արձակել ատրճանակից այն պահին, երբ հանցագործության վայրի մոտով երեխայի հետ կին էր անցնում, ապա փախել է։ Մեկ ամիս անց օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են երեք մարդու, որոնց կասկածում էին սպանությունը նախապատրաստելու եւ իրականացնելու մեջ։

Անցյալ տարի քննությունը եզրակացրել է, որ սպանության պատվիրատուն Արման Ջանինյանն է։ Պատճառը համարում են ֆինանսական հնարավոր պահանջները հայրենակցի նկատմամբ, որը, ենթադրաբար, հանցավոր «օբշչակի» պահապանն էր։

Առաջադրված հոդվածը՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից կատարված սպանության կազմակերպում, նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում։

Ջանինյանը մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր աստիճանակարգությունում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար նախատեսված հոդվածով, որը սովորաբար կիրառվում է քրեական հեղինակությունների նկատմամբ։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *