Ռեկորդային ջրապաշար. ջրամբարների լցվածությունը 2026 թ. հոկտեմբերի 6-7-ի դրությամբ

Ռեկորդային ջրապաշար. ջրամբարների լցվածությունը 2026 թ. հոկտեմբերի 6-7-ի դրությամբ
Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ հոկտեմբերի սկզբին Ախուրյանի, Ապարանի և Ազատի ջրամբարներում արձանագրվել են պատմական բարձր ցուցանիշներ։ Մասնագետները դրական են գնահատում Հայաստանի երեք խոշոր ջրամբարների լցվածությունը՝ 2027 թ. ոռոգման սեզոնի համար կանխատեսելով բարենպաստ պայմաններ։

Ախուրյանի ջրամբարում՝ պատմական առավելագույնը

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը կազմել է 432 մլն խմ։ Ջրամբարի լրիվ ծավալը 525 մլն խմ է, այսինքն՝ այժմ այն լցված է մոտ 82%-ով։


Սա ջրամբարի շահագործման պատմության ողջ ընթացքում՝  1980 թ.-ից  ի վեր, տարվա այս ժամանակահատվածի համար գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Ախուրյանի ջրամբարը սնուցում է Արմավիրի և Թալինի ջրանցքները՝ կարևորագույն դեր ունենալով Շիրակի և Արմավիրի, նաև՝ Արագածոտնի ու Արարատի մարզերի գյուղատնտեսության համար։

Ապարանի ջրամբարում՝ 1968-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշը
2026 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ Ապարանի ջրամբարում ջրի ծավալը կազմել է 34,63 մլն խմ, իսկ ջրալցվածությունը՝ 38%։ Սա 1968–2026 թթ. դիտարկումների ամբողջ ընթացքում հոկտեմբերի 7-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է
(https://www.facebook.com/share/p/19qVMzHoBU/?mibextid=wwXIfr):
Այս տարվա հոկտեմբերի ջրապաշարը գերազանցում է որոշ տարիների նույնիսկ գարնանային առավելագույն ջրալցման ցուցանիշները։

Ազատի ջրամբարում՝ վերջին 20 տարվա ռեկորդային ցուցանիշը

Ազատի ջրամբարում նույնպես արձանագրվել է ուշագրավ ջրապաշար։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ ջրի ծավալը կազմել է 29,78 մլն խմ, ջրալցվածությունը՝ 43%։ Սա վերջին 20 տարիների ընթացքում հոկտեմբերի 7-ին դիտված ամենաբարձր նիշն է:
70 մլն խմ ընդհանուր ծավալով և 2,85 քմ մակերեսով 1976 թ.-ից գործող Ազատի ջրամբարը սնուցում է Դվինի ջրանցքը և Ազատի 4-րդ աստիճանի պոմպակայանները՝ կարևոր նշանակություն ունենալով Արարատի մարզի համար։

 

Ինչո՞ւ է այսպես

Ռեկորդային ցուցանիշների հիմքը անցած ձմռան և գարնան անձրևաչափերն են։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ 2025 թ. դեկտեմբերից մինչև 2026 թ. մայիս տեղումները զգալիորեն գերազանցել են նորման։ Ըստ Ազիզյանի՝ 1938 թ.-ից սկսված դիտարկումների ողջ ընթացքում տեղումների ռեկորդ է գրանցվել 2026 թ. մարտ ամսին, իսկ փետրվարը պատմության ընթացքում գրանցված ամենաանձրևային ամիսն է եղել:

Ամռան սկզբին Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները գրեթե լիարժեք լցված էին։ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հունիսի 15-ին Ազգային ժողովում ասել էր, որ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարները 100%-ով լցված են, իսկ Արփի լիճը՝ 91%-ով։ Ըստ կառավարության տրամադրած տվյալների՝ հուլիսի վերջին ջրի լրիվ ծավալները կազմում էին 525 մլն խմ՝ Ախուրյանում, 91 մլն խմ՝ Ապարանում և 70 մլն խմ՝ Ազատում։

Հոկտեմբերի ցուցանիշները ցույց են տալիս, որ ոռոգման սեզոնից հետո էլ ջրամբարներում զգալի պաշար է կուտակված։

Մեծ ջրապաշարի կարևորությունը

Նմանատիպ բարձր ջրապաշարով աշունը դրական ազդակ է 2027 թ. ոռոգման սեզոնի համար։ Այն թույլ կտա՝
– Սևանից ավելի քիչ ջուր օգտագործել գյուղատնտեսական նպատակներով,
– կանխել գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման սահմանափակումների ռիսկերը,
– նվազեցնել ջրային դեֆիցիտի ռիսկերը՝ հատկապես հուլիս-օգոստոս չորային ամիսներին, երբ ջրի պահանջարկն առավելագույնն է,
– բարելավել խմելու ջրի մատակարարումը բնակավայրերում (ջրամբարները սնուցում են նաև խմելու ջրի համակարգերը):

Հոկտեմբեր 09, 2026 at 16:23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *