Եթե համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է և ավելի մեծ թափով․ այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի մեջ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը։
Ներկայացնում ենք նրա հայտարարությունները՝ կետերով․
- Իմ աջակցությունն եմ հայտնում մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա և անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Եվ մենք անպայման մեր ձևով էլ կաջակցենք այդ կնոջ ընտանիքին։
- Այդ հանցագործը պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա, իսկ իշխանություններն էլ պետք է ամեն ինչ անեն, որ օգտագործեն այսպիսի հանցագործներին մեր գերիներին վերադարձնելու համար։
- Մի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրություն կտան ձեռքը, հետը կտանի. Կարապետյանն ի պատասխան հարցի, թե ՀՀ իշխանություններն ինչպե՞ս կլուծեն ադրբեջանցու հարցը։
- Ընդդիմադիր շատ ուժերի՝ ճիշտ ուժերին, համախմբելու ենք, ու ընդհանուր ճակատով ենք պայքարելու։
- Բոլորս էլ գիտենք, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է, ՔՊ-ն էլ դարձել է Փաշինյանի կամակատարը, նույնիսկ ցավ եմ ապրում, որ այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ։
- Ես ադրբեջանցի զինծառայողին համարում եմ շատ մեծ հանցագործ։