
Երբ դիտում ես խորհրդարանում իշխանության ներկայացուցիչների՝ կատարյալ ապուշության, ավելի ճիշտ հոգեբուժարանի ախտորոշման մակարդակի հասնող «ելույթներն ու արկածները», ակամա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք դա անում։
Ո՞րն է այս բացահայտ խելագարության իմաստը։
Մի՞թե նրանք չեն հասկանում, որ ծաղրի առարկա են դառնում, և մարդկանց արդեն պարզապես զզվանք են պատճառում Հայաստանում իշխող վերնախավի ելույթները, խոսքերը, հարցազրույցները, ժեստերն ու ծամածռությունները։
Իրականում այս ապուշ պահվածքը միանգամայն հստակ նպատակ ունի։
Հիշո՞ւմ եք՝ Հին Հռոմից մեզ հասած մի արտահայտություն կա․ Ստրուկներին ու քաղաքացիներին հնազանդ պահելու համար նրանց պարզապես հաց ու տեսարաններ տուր, և նրանք չեն նկատի, որ Կեսարն ու սենատորները թաղված են շքեղության ու անբարոյականության մեջ։
Մոտավորապես սա էլ այսօր տեղի է ունենում փաշինյանականաների քարոզչության պարագայում։
Հիշեցնեմ, որ ընտրություններից անմիջապես հետո, Փաշինյանի հրահանգով, իշխանությունները տիեզերական մակարդակի բարձրացրին իրենց մերձավոր շրջապատի մի քանի հարյուր ներկայացուցիչների դրամական ապահովությունը։
Միաժամանակ կրճատվեցին անապահովների սոցիալական վճարները, պետական ծառայողների սոցիալական փաթեթը, իսկ Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» զրկեցին անգամ այն չնչին գումարներից, որոնք պետությունը հատկացնում էր հարազատներից որևէ մեկի մահվան դեպքում։ Այսպես կոչված՝ «դագաղի փողերից»։
Այս ամենին գումարենք բնակչության արագընթաց աղքատացումը՝ տնտեսության և աշխարհաքաղաքականության ուղղություններում հակապետական որոշումների ֆոնին, Փաշինյանի կառավարության կողմից Բաքվից եկող հակահայկական հրահանգների մշտական կատարումը, ինչպես նաև գյուղացիների վիճակը, որոնք Փաշինյանի քաղաքականության պատճառով կորցրին իրենց բերքը, ավելի ճիշտ՝ չկարողացան այն իրացնել…
Մի խոսքով՝ Հայաստանում հոգեբանական և սոցիալական իրավիճակն արագորեն վատթարանում է, ինչն էլ իր հերթին անխուսափելիորեն չափազանց տհաճ հարցեր է առաջացնում Փաշինյանի հասցեին։
Ի՞նչ է անում իշխանությունը։
Փառատոնները, համերգներն ու ամենատարբեր զվարճանքները ժամանակավորապես աշխատեցին, քանի որ այդ ամենը մեծ գումարներ է պահանջում, իսկ գումարներն արդեն յուրացվել ու մսխվել են։ Մարդկանց թալանելն ու քաղաքական բռնաճնշումներն էլ այլևս չեն օգնում․ հասարակությունը հոգնել է Փաշինյանի՝ բռնապետության զզվելի նմանակումից։
Ուրեմն ի՞նչ անել։
Ամեն ինչ պարզ է․ «զվարճանքները» տեղափոխել ամենաբարձր մակարդակ, այսինքն՝ խորհրդարանի ամբիոն։
Անկասկած, արդեն ութ տարի է՝ խորհրդարանի ամբիոնը վերածվել է մեկ մարդու կասկածելի բենեֆիսների բեմահարթակի։
Բայց դա էլ արդեն բավարար չէ։
Եվ այստեղ պետք է արագացնել տեմպը, «զվարճանքների» մակարդակն ավելի ցածր իջեցնել, ինչը, ըստ էության, հենց այն է, ինչ մենք տեսանք։
Անխուսափելի սոցիալական փլուզման պայմաններում իշխանությունը փորձում է ապահովել հնարավորինս մեծ ծավալի ժամանցային բովանդակություն՝ Փաշինյանի շոուների ոճով։
Բայց այստեղ կա մի շատ կարևոր ԲԱՅՑ։
Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի։ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա։
Եվ սա փաշինյանականները հրաշալի հասկանում են, բայց միաժամանակ հենց սրանից էլ վախենում են։
Արման Աբովյան