
Թուրքմենբաշիում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Բայց խոսքի երկրորդ կեսում ինքն իրեն հակասում է՝ հիշեցնելով, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանին չի հաջողվել հասնել խաղաղության։ Այսինքն՝ ինքն է խոստովանում, որ փաստաթղթի ստորագրումը դեռ խաղաղություն չէ։ Էլ ուր մնաց՝ նախաստորագրումը։
Այդ դեպքում ինչո՞ւ ես ժողովրդի գլուխը հարդուկում, եթե ինքդ էլ գիտես, որ թղթի վրա գրվածը դեռ իրականություն չէ։
Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, մտել հայի տուն, կրակել մոր վրա, ահաբեկել երեխաներին։ Ու այսքանից հետո մեզ ասում են՝ խաղաղությունը կայացա՞ծ փաստ է։
Մի րոպե։ Եթե խաղաղությունն արդեն եկել է, բա ո՞վ էր սահմանը հատել, ո՞վ էր հայի տուն մտել, ո՞վ էր կրակում։ Թե՞ խաղաղությունն այնքան կայացած է, որ ադրբեջանցի զինվորն էլ է իրեն ազատ զգում։
Խաղաղությունը չափվում է ոչ թե նախաստորագրված փաստաթղթերով ու պաշտոնական ճառերով, այլ սահմանին տիրող իրավիճակով, մարդկանց անվտանգությամբ և սեփական տանը հանգիստ ապրելու հնարավորությամբ։
Ադրբեջանցի զինվորը մոր վրա կրակել, երեխաներին ահաբեկել է, դու ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել։
Իհարկե, կարելի է ամեն օր արդուկել ժողովրդի գլուխը խաղաղության թեզով։ Բայց մի խնդիր կա՝ իրականությունը չի արդուկվում։ Այն մեկ-մեկ դուրս է գալիս ճառերի տակից ու հիշեցնում, որ խաղաղության մասին հայտարարությունը դեռ խաղաղություն չէ։ Եվ պետք չէ խնամել մի բան, որը չկա։
Այնպես որ, քանի դեռ հայը սեփական տանը ապահով չէ, խաղաղությունը կարող է լինել քաղաքական թեզ, ցանկություն կամ խոստում, բայց ոչ՝ կայացած փաստ։