ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Էնդրյու Ջոնսոնն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունից տուժած տարածաշրջաններում քաղաքացիների ներգրավվածության խթանում» ծրագրի շրջանակում։

Այցի ընթացքում Էնդրյու Ջոնսոնը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալը նաև հանդիպել է Մարտունի համայնքի շուրջ 70 բնակչի հետ՝ հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչներին՝ հարցեր ուղղելու և իրենց տեսակետներն արտահայտելու տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության վերաբերյալ։

Քննարկման ընթացքում Էնդրյու Ջոնսոնը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը՝ տարածաշրջանում շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում։

Այցը հնարավորություն է ընձեռել համայնքի բնակիչներին՝ անմիջական երկխոսություն ծավալելու միջազգային գործընկերոջ հետ՝ ընդգծելով իրազեկված հանրային քննարկումների, քաղաքացիական մասնակցության և համայնքային ներգրավվածության կարևորությունը Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման վրա ազդող հարցերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *