Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Կա մի պարզ կանոն․ հարցը տալիս են՝ պատասխան ստանալու համար։ Սակայն, քաղաքական իրականության մեջ այդ կանոնը ենթարկվում է թատերական «հանճարեղ» վերափոխման։ Հարց տվողները՝ լրագրողներն ու ընդդիմադիր պատգամավորները, մոտենում են խոսափողին, հայրենասիրական տեքստեր արտասանում, թվեր, անուններ, պատմական դրվագներ հիշում ու նոր հարցնում․«Պարո՛ն Փաշինյան, այն դեպքում, երբ հակառակորդը զորքերը առաջ է բերել, զորավարժություններ է անում, իսկ մենք դիրքեր ենք կորցրել, սահմանը մոտեցել է մարդկկանց տներին, չգիտեն՝ վաղը իրենց տանը կապրեն, թե ոչ, Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանից։ Չէ՞ որ ակնհայտ է, որ թշնամին անհագուրդ է, իսկ Դուք միայն զիջում եք։ Ինչո՞ւ եք տալիս այս հողերը, ինչո՞ւ չկա դիմադրություն, ո՞վ է սրա համար պատասխան տալու»։

Նիկոլ Փաշինյաին իրեն հատուկ դերասանական թեթևությամբ ժպտում է, հոնքերը կիտում, բռնվում մի պատահական մտքից՝ «խաղաղություն» կամ «հող» բառից եւ սկսվում է պատմական էքսկուրսը․«Գիտեք, երբ մենք ասում ենք հող կամ սահման, պետք է հասկանանք՝ ի՞նչ է Պատմական Հայաստանը և ի՞նչ է Իրական Հայաստանը…1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրով… Խաղաղությունը վիճակ է, պետք է լինի մեր մտքերում…»։ Ու վերջ՝ գնա՜ց փիլիսոփայության ու հոգեբանական թերապիան, իսկ սահմանին կանգնած գյուղացու ու կրակոցների հարցը մնաց անդունդի հատակում։ Պատասխան չկա, բայց տպավորություն ստեղծվեց, թե «լավ էլ պատասխանեց»: Իրականում երկար ու մանվածապատ հարցը հնարավորություն տվեց խուսանավել ուղիղ պատասխանից։

Այս հնարքը կիրառում են նաև նախարարներն ու պատգամավորները։ Լրագրողը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին նկարագրում է սոցիալական ողբերգությունը․-«Պարո՛ն նախարար, խանութներում կարագն ու միսը թանկացել են 30%-ով, թոշակառուն չի կարողանում իր օրվա հացը գնել, իսկ դուք հայտարարում եք տնտեսական աճի մասին։ Ի՞նչ եք անում գները վերահսկելու համար»։ Նախարարը, իր «ուսուցչի» պես, որսում է «տնտեսական աճ» արտահայտությունն ու պինդ գրկախառնվում դրան․«Գիտեք, Հայաստանը փոքր և բաց տնտեսություն է…Լոգիստիկ շղթաները Պանամայի ջրանցքում ու Սուեզում խաթարվել են… համաշխարհային ինֆլյացիոն պրոցեսներ… դրա փոխարեն մենք ունենք երկնիշ տնտեսական աճ…»։ Կամ Ալեն Սիմոնյանին հարցնում են պատգամավորական միլիոնավոր դրամ պարգևավճարների բարոյականության մասին, նա բռնվում է «պետականություն» բառի փեշից.- «Դուք ուզում եք, որ ԱԺ պատգամավորը ցնցոտիներո՞վ ման գա, թե՞ կաշառք վերցնի։ Մենք պետականություն ենք կառուցում»։ Այս աղեկտուր մտքերից աղքատ թոշակառուն տանը նստած տագնապում է․ «Վա՜յ, ո՞նց մեր պատգամավորը ցնցոտի հագնի»։

Նույն թատրոնն է խաղարկվում ցանկացած թեմայով․ ռուսական գազի թանկացման ու այլընտրանքի մասին են հարցնում, պատասխանում է․ «Այս պահին ազդակ չկա, երբ լինի՝ կմտածենք»։ ԵԽԽՎ զեկույցի կոնկրետ խնդիրների մասին հարցին՝ «Կդիտարկենք, կվերլուծենք, կքննարկենք»։ 44-օրյա պատերազմի հիշատակի օրը համերգներ հեռարձակելու մասին հարցին․ «Տարվա 365 օրն էլ ողբերգությամբ է նշանավորված»։ Մտքերն ու ապագա ժամանակաձևերը մի հրաշալի հատկություն ունեն․ թույլ են տալիս պատասխանել այնպես, որ պատասխանելու գործընթացը տեղափոխվի անորոշ ապագա, որը շատ հարմար վայր է պատասխանները թաքցնելու համար։

Ի՞նչ ենք անում մենք. հարցը սկսում ենք Արցախից, անցնում սահմանին, հետո՝ խաղաղության պայմանագրին, հետո՝ գյուղերին, հետո՝ անվտանգությանը, հետո՝ նախորդ իշխանություններին, հետո՝ ներկա իշխանությանը, վերջում էլ հարցնում ենք՝ «Այս ամենի վերաբերյալ ի՞նչ կասեք»։ Հետո դժգոհում ենք, որ մեր հարցին չպատասխանեց։ Երբ հարցի մեջ հինգ հարց կա, պատասխանը կարող է վերաբերել վեցերորդ թեմային։ Իսկ երբ հարցը հարյուր բառանոց փոքրիկ ճառ է, բուն հարցը կարող է այդ ճառի մեջ լսելի չլինել։ Պետք է փորձել հարցը «նիհարեցնել»՝ այնքան, որ պատասխանողը չկարողանա բռնել նրա պոչից ու տանել սարուձորերով։ Հարգելի՛ հարց տվողներ, Դուք ինքներդ եք օժանդակում իշխանությանը, որ ձեզ ու համայն հանրությանը մոլորեցնեն։ Հարցի մեջ դնում եք տասը փաստ, հինգ անուն, երեք մեջբերում։ Պատասխանողը բռնում է դրանցից ամենաանվնաս, ամենահարմար բառի պոչից ու թռչում սարերը՝ մինչև դուք կմոռանաք, թե ինչ էիք հարցնում։ Դադարեցրե՛ք «Նանար տատիկի հեքիաթները»։ Մի՛ արեք երկարաշունչ վերլուծություններ, մի՛ փորձեք միկրոֆոնի մոտ տեղավորել ձեր ամբողջ աշխարհայացքն ու ցավը։ Կիրառե՛ք պարզ, չոր ու անխոցելի կանոններ․Մեկ հարց, մեկ պատասխան։ Պարոն վարչապետ, մի՛ վերլուծեք, մի՛ պատմեք, այլ պատասխանեք։ Սխալ հարց․ «Այն դեպքում, երբ խոստացել էիք արագաչափերը հանել, բայց այսօր տուգանքներն ավելացել են, արդյո՞ք սա հակասություն չէ…»։ Ճիշտ հարց․ «Խոստացել էիք հանել արագաչափերը․ ինչո՞ւ չեք հանել։ Տվե՛ք հստակ պատասխան»։ Մի՛ օգտագործեք «ի՞նչ կասեք» կամ «արդյո՞ք» տիպի բառեր։ Դրանք հրավեր են փիլիսոփայական դասախոսության։ Տվե՛ք կոնկրետ փաստով հարց․ «Այս հողը տվեցիք․ ինչո՞ւ, ո՞վ տվեց հրամանը»։

Իսկ ասուլիսի կամ հարցուպատասխանի վերջին լրագրողը թող մոտենա խոսափողին ու ասի․ «Պարո՛ն վարչապետ, պարոն նախարար, պարոն ԱԽՔ, Ձեզ այսօր տրվեց 10 հարց։ Դուք խոսեցիք 21-րդ դարից, Պանամայի ջրանցքից, մեր մտքերի խաղաղությունից, պատգամավորների ցնցոտիներից․․․ բայց ոչ մի հարցի կոնկրետ չպատասխանեցիք։ Մենք այս բոլոր հարցերը գրավոր կրկին ուղարկում ենք Ձեզ, խնդրում ենք հաջորդ հանդիպմանը ճշմարիտ պատասխան: Մինչև դրանց չպատասխանեք, նոր հարցեր չենք տա»։
Եվ ամենացավալին․ հարցից թռչելով, թեման ջրելով ու անկապ պատասխաններ տալով՝ պաշտոնյաներն արհամարհում են ոչ միայն միկրոֆոնի մոտ կանգնած լրագրողին կամ պատգամավորին, այլ մեր ժողովրդին։ Չէ՞ որ լրագրողն ու ընտրված պատգամավորը ընդամենը կամուրջ են քաղաքացու և իշխանության միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *