ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Պաոլո Ձամպոլին դիմել է ՖԻՖԱ-ին՝ առաջարկելով աշխարհի առաջիկա առաջնությունում Իրանի հավաքականի փոխարեն ընդգրկել Իտալիային։
Ինչպես հաղորդում է «Financial Times»-ը, այս նախաձեռնությունը նպատակ ունի հարթել Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև առկա լարվածությունը, որն առաջացել էր Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ Հռոմի Պապ Լեո XIV-ի հասցեին ԱՄՆ նախագահի քննադատություններից հետո։
Ձամպոլին նշել է, որ որպես իտալացի, իր երազանքն է տեսնել «Աձուրիներին» ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարում, և Իտալիայի քառակի չեմպիոնության տիտղոսը բավարար հիմք է նման բացառիկ որոշման համար։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը մեծ հիասթափություն էր ապրել այս տարվա մարտին՝ երրորդ անգամ անընդմեջ դուրս մնալով աշխարհի առաջնությունից Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն պարտվելուց հետո։
Մյուս կողմից, Իրանը, որը որակավորվել էր մրցաշարին, պատերազմի մեկնարկից հետո խնդրել էր իր խաղերը ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ Չնայած ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նախկինում հայտարարել էր, որ բոլոր հանդիպումները կկայանան ըստ ժամանակացույցի, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը նշել է, որ թեև իրենք պատրաստվում են մրցաշարին, սակայն կենթարկվեն երկրի իշխանությունների վերջնական որոշմանը։