
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հաստատել է Հայ առաքելական եկեղեցու հարցով ձեւավորված Քննիչ հանձնաժողովի կազմը։ Եկեղեցու հարցերը կքննեն եւ «լուծումներ» կառաջարկեն մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն հոգեւորի ու եկեղեցու հետ եւ ամեն օր Աստծո պատվիրաններն են խախտում։ Պարզ է, որ այստեղ հավաքվել են նրանք, որոնց համար չկան կարմիր գծեր եւ պատրաստ են կատարել Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրահանգ։ Հանձնաժողովը, ինչպես հայտնի է, ղեկավարելու է Արման եղոյանը, որը վերջին շրջանի ամենակեղտոտ ելույթների հեղինակն է, նրա հետ հանձնաժողովում կաշխատեն Ալխաս Ղազարյանը, Ֆեյքերի ՊՈԱԿ–ի նախկին ղեկավար Տարոն Չախոյանը, դիջեյ Էդոն՝ Էդուարդ Աղաջանյանը , ով հիշեցնենք հայտնի մտքի հեղինակն է, թե` այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, Ժոկոյի աղջիկը` Ծովինար Վարդանյանը եւ ղուշբաս Արփի Դավոյանը: Միակ պատգամավորը, որը հոգեւոր կթրություն ունի նորաթուխներից է` Գոռ Արշակյան անուն ազգանունով։ Նրա պաշտոնական կենսգրության մեջ կարդում ենք․ «2003-2005 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2011 թ․ ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը։ 2014 թ․՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան։ Քաղաքագիտության մագիստրոս»։ Սակայն աշխատանքային այլ ոլորտներ է ընտրել. 2017-2021 թթ․ եղել է Ոսկեվազ համայնքի ավագանու անդամ, 2019-2021 թթ․՝ «Արմավիր» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, 2021 թ․ հունվար-հունիս՝ «Արագածոտն» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, 2021-2026 թթ․՝ «Արագածոտն» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն։ 2021-2026 թթ․՝ Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը բացահայտել էր եկեղեցու դեմ գրոհի երեք հիմնական ուղղությունները։ Ասել էր, որ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ «Հիմա ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի մեծագույն խնդիրը և առաքելությունն այն է, որ համապատասխան օրենսդրական առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամը մենք չունենանք։ Ես կարող եմ 3 հիմնական ուղղություն ասել, որ իմ կարծիքով պետք է քննիչ հանձնաժողովը աշխատի: Առաջինը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կառավարման ժողովական սկզբունքը պետք է երաշխավորվի: Եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները, հոգևոր դասի ներկայացուցիչները։ Եվ Հայաստանում պետք է օրենսդրական երաշխիքներ լինեն, որ ծխական խորհուրդները և թեմական խորհուրդները պատշաճ ձևով գործում են և իրենց լիազորությունները իրականացնելու մեխանիզմներ կան։ Երկրորդը` հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգի ներդրումն է, երրորդը` պետք է հստակ եկեղեցին ինքը, ոչ թե կառավարությունը, ոչ թե Ազգային ժողովը, այլ եկեղեցին ինքը, հոգևոր դասը պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպվեն, որովհետև այսօր էլ եկեղեցին ունի կանոնագիրք, բայց այդ կանոնագիրքը անընդհատ լրացվել է, փոխվել է։ Հիմա ինչ հոդված մատնացույց ենք անում, ասում են՝ դա հնացած է արդեն, շատ լավ, ո՞րն է նորացված, եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները, ընդհուպ՝ կուսակրոնության հետ կապված հարցերը»։