Ռուսաստանի քաղաքացիների համար եվրոպական երկրներ այցելությունը վտանգավոր է․ Կրեմլ

Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր է դարձել եվրոպական երկրներ այցելելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես նա մեկնաբանել է Չեռնոգորիայում «Ռիբար» Telegram-յան ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկի ձերբակալությունը։

Պեսկովը նշել է, որ տեղյակ չէ դեպքի հանգամանքներից, քանի որ տարբեր տեղեկություններ են ստացվում, այդ թվում՝ այցի նպատակի և միջադեպի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցների մասին։

«Մենք կարող ենք միայն ասել, որ Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի համաձայն՝ երկիրը պարտավոր է մեր հյուպատոսական հիմնարկին տեղեկացնել Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին։ Եվ, իհարկե, մեր դիվանագետները, ցանկացած դեպքում, կապահովեն Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պահպանումը», – ասել է Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա Ռուսաստանի քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր զբաղվում են հանրային գործունեությամբ և մեկնում են Եվրոպա, նա ասել է. «Դե, տեսեք, վտանգավոր է։ Նրանք, ովքեր պատժամիջոցների տակ են, պետք է գիտակցեն, որ մենք այդ պատժամիջոցներն անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսանկյունից, սակայն եվրոպական երկրներում կամ ԵՄ տարածքում պատժամիջոցների խախտումը հանցագործություն է»։

Նա նշել է, որ այդ պատճառով անհրաժեշտ է կշռադատել բոլոր գործողությունները։

«Եվ, իհարկե, ներկայումս Ռուսաստանի քաղաքացիների համար եվրոպական երկրներ այցելելը վտանգավոր է։ Դա կարելի է ասել լիակատար վստահությամբ և պատասխանատվությամբ», – հայտարարել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *